ԿարևորՔաղաքական

«Քառյակը» բուռն քննարկումներից հետո ընդունեց ԱԺ նախագահի առաջարկը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ոչ իշխանական 4 ուժերը համաձայնել են  հետաձգել խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի քվեարկությունը՝  ընդունելով   հարցի շուրջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  առաջարկը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը  4 ուժերի անունից  այսօր հայտարարել է, որ հետաձգում են քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա՝  ապրիլի 28-ը, իսկ մինչ այդ պատրաստ են մտահոգող հարցերը քննարկել լսումների ընթացքում:  Հարցը  քննարկման է  դրվել  պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, արտահերթ ընթացակարգով: Ձևավորվելիք  հանձնաժողովը, ըստ հեղինակների, պետք է ուսումնասիրի 2012-2014 թվականների ընթացքում արագաչափերի, տեսանկարահանող սարքերի կիրառման, վճարովի ավտոկայանատեղերի գործարկման  ազդեցությունը։

Ոչ իշխանական ուժերը ընդունեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երեկ հնչեցրած առաջարկը ու համաձայնեցին  հետաձգել իրենց կողմից բարձրացված հարցի քվեարկությունը մինչև հաջորդ քառօրյա, որն ապրիլի 28-ին է: Մինչ այդ ՝ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն: 

Մինչեւ այս փոխըմբռումը դահլիճում ծավալված քննարկումը բավական թեժ էր:  Ով ում  իրավունք ունի դասեր տալ, ով ինչ է շահարկում , ով ինչպես է տեսնում իրականությունը.  փոխադարձ մեղադրանքների պակաս նիստերի դահլիճում չկար:  Մեղադրանքներից մեկը երեկ հարցի քննարկման ժամանակ հնչեցրել էր ֆինանսների նախարարը ՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության ներկայացուցչի գնահատականի: Նաիրա Զոհրաբյանը ելույթում  նկատել էր, թե վճարովի ավտոկայանատեղերից գանձվող տուգանքների 70 տոկոսը գնում է, ինչպես  պատգամավորն էր ձևակերպել, «հայտնի մասնավոր անձի գրպանը»։ «Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6- 8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և,  այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»,- ասել էր ֆինանսների նախարարը։

Դավիթ Սարգսյանի  այս թափանցիկ ակնարկը ԲՀԿ-ն որոշեց անարձագանք  չթողնել: Երեկ հնչած հայտարարությանն այսօր խմբակցությունից Ստեփան Մարգարյանը պատասխանեց՝ ընդհանրացնելով երևույթը: «Արդեն նորմ է դառնում, որ այս կամ այն նախարարը ԱԺ ամբիոնից հանդես է գալիս մի տեսակ տղայական կեցվածքով, հոխորտում է ու հետո իր շրջապատում գլուխ  գովում՝ տեսաք ինչ արեցի»։

Նեղ կուսակցական ոգեշնչումով եք առաջնորդվում՝ սա արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավարի արձագանքն էր: Գալուստ Սահակյանը նկատեց, որ ոչ ընդդիմադիր խմբակցություններն արդեն ոչ թե շահարկում,  այլ  անբնական ծեսի են վերածում իրենց գործունեությունը՝ ամեն երկուշաբթի  որևէ արտահերթ հարց օրակարգ ընդգրկելով։ Կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ։ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: «Հարց եք բերել, ասեք՝ ժողովրդի մեջ խնդիր կա, քննարկենք, բայց դատավճիռն էլ հետն եք բերում, խառնում եք ամեն ինչ։ Անչափներն ուզում են չափավորների՞ն հավասարվել: Հլը քեզ նայի, քո  տրամաբանությունը նայի, որտեղից՜ ես եկել, որ օջախին ես կպնո՜ւմ, ո՞վ ա քեզ թույլ տվե՜լ: Սա ի՞նչ հարցադրում է, սա ի՞նչ ոճ է: Մենք ի՞նչ անենք: Ամբողջ Հանրապետականին ստիպում եմ, նստացնում եմ , ասում եմ մարդիկ հարց են բարձրացրել, թող պատշաճ քննարկվի, բայց հարց չեք բարձրացնում, ընդամնեը փորձում եք ամբոխ հավաքել»,- ասում է Գալուստ Սահակյանը։

Ամբոխի թեման Գալուստ Սահակյանը շարունակեց՝ Թումանյանից մեջբերում կարդալով։ Ելույթի ժամանակ  ԲՀԿ խմբակցության պատգամավորները ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը։ 

«Մարդիկ մտածեցին դու ես ասում՝ թողեցին, գնացին: Սկզբից պիտի ասեիր Թումանյանն է ասել, որ չգնային, Գալուստ Գրիգորիչ»,- նկատեց ԱԺ նախագահը։

Փոխադարձ մեղադրանքների թեման ամփոփիչ ելույթում շարունակեց 4 ուժերի նախաձենությունը ներկայացնող Ռուբեն Հակոբյանը՝ ընդդիմությանը դասեր տվող պատգամավորներին դիմելով կոնկրետ առաջարկով։ «Մենք երևի լավ ընդդիմություն չենք։ Խնդրեմ, դուրս եկեք իշանությունից, դարձեք ընդդիմություն և ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպիսին պետք է լինի դասական ընդդիմությունը»:

Ընդհանուր առմամբ՝ քննարկումը, Հակոբյանի ամփոփմամբ, հետաքրքրիր էր, բայց ոչ բովանդակային: Բուն մտահոգությունը, ըստ պատգամավորի, շրջանցվեց, փոխարենը շահարկվեց այն, որ ընդդիմությունը շահարկում է խնդիրները: Սա սակայն չխանգարեց, որ ոչ իշխանական ուժերն ընդունեն ԱԺ նախագահի առաջարկն ու համաձայնեն, որ հարցը նախ քննարկեն լսումների ընթացքում, հետո միայն քվեարկության դնեն։

Back to top button