Հասարակություն

Վրաստանի կառավարությունը որոշել է ֆինանսավորել հայագիտությունը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ- ում այսօր մեկնարկել է «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը: Երևանի պետական համալսարանը հյուրընկալել է վրացի անվանի գիտնականներից կազմված ներկայացուցչական պատվիրակությանը` Թբիլիսիի պետական  համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավայի գլխավորությամբ: Երկու համալսարանների ռեկտորները խոսել են հետագա ծրագրերի և համագործակցության մասին: Հարևան երկրների մայր բուհերի բարեկամությունն էլ ավելի ընդգծելու նպատակով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու  Վլադիմիր Պապավան ստորագրել են համագործակցության հուշագիր:

Դեռևս Խորհրդային Միության տարիներին հայ-վրացական կապերն այնքան ամուր և խորն են եղել, որ ժամանակն է դրանք ոչ միայն վերականգնելու, այլև էլ ավելի ամրապնդելու, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Այդ կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումներից մեկն էլ այսօր մեկնարկած «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովն է, որը միտված է երկու հարևան երկրների կրթական կապերի վերականգնմանն ու փորձի փոխանակմանը։

Այսօրվա երիտասարդները չունեն այն կապը, որը կար դեռևս ԽՍՀՄ տարիներին: Նրանք ոչ միայն չեն հասկանում, այլև չեն ճանաչում միմյանց: Դա է պատճառը, որ Արամ Սիմոնյանը անչափ կարևորում է երկար սպասված այս գիտաժողովը։ 

Իր հերթին կարևորելով կրթական կապերի վերականգնումն ու ամրապնդումը` Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Վլադիմիր Պապավան նկատեց, որ համագործակցության անհրաժեշտությունը բխում է նաև երկու երկրների տնտեսական և մշակութային նմանություններից։ Նա կարծում է, որ ոչ միայն տնտեսական ուղիները, այլև երկու երկրներում առկա խնդիրներն ու ձեռքբերումներն են շատ նման։ «Ընդամենը մի քանի օր առաջ Վրաստանի կառավարությունը շատ կարևոր մի որոշում ընդունեց, որով հայագիտությունն ամբողջովին ֆինանսավորվելու է պետության կողմից: Մինչև հիմա հայագիտությունը ֆինասավորվում էր բացառապես դրամաշնորհներով: Սա նաև ռազմավարական մեծ նշանակություն ունի ոչ միայն մեր համալսարանի, այլև պետության համար»,- ասում օ ռեկտոր Պապավան։

Հարևան երկրների մայր բուհերի բարեկամությունն էլ ավելի ընդգծելու նպատակով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու  Վլադիմիր Պապավան ստորագրեցին համագործակցության հուշագիր, որպեսզի այն չմնա միայն թղթի վրա։ Ռեկտորները խոստացան դա իրականացնել կոնկրետ գործողություններով և գործնական լուրջ քայլերով։

Back to top button