Միջազգային

Ռուսաստանը կառչած չէ «ութնյակի» ձևաչափից.Լավրով

Ռուսաստանը կառչած չէ «ութնյակի» ձևաչափից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ Հաագայում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: «Ութնյակը ոչ ֆորմալ ակումբ է, անդամատոմսեր որևէ մեկը չի բաժանել և այնտեղից դուրս հանել ոչ մեկը չի կարող: Եթե մեր արևմտյան գործընկերները կարծում են, որ այդ ձևաչափն իրեն սպառել է, ապա թող այդպես լինի, մենք դրանից կառչած չենք», — Իտառ- Տասսը մեջբերել է Լավրովի խոսքերը: Ըստ նրա շատերն են կարծում, որ «ութնյակն» արդեն կատարել է իր դերը, քանի որ շատ հարցեր լուծվում են «քսանյակում»:

«Մեծ հաշվով շատ հարցերի քննարկման համար կան նաև այլ ձևաչափեր` ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Մերձավոր Արևելքի կարգավորման «քառյակը» և Իրանական միջուկային խնդրի «վեցյակը», -ասել է Լավրովը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երախտապարտ է ԲՌԻԿՍ-ի երկրներին Ղրիմի հարցում ցուցաբերված դիրքորոշման համար: «Հաագայում այսօր տեղի ունեցավ ԲՌԻԿՍ-ի երկրների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավ Աֆրիկյան հանրապետության  արտաքին գործերի նախարարների հանդիպումը և տեսանք , որ նրանք ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին և մենք երախտապարտ ենք մեր գործընկերներին» — ասել է Ռուսաստանի արտգործնախարարը Հաագայում հրավիրված ասուլիսում:

 

Back to top button