ԿարևորՀասարակություն

Թեժ համաժողով`անակնկալ «հյուրասիրությամբ». բնապահպան ակտիվիստներին ՀՀ վարչապետը հրավիրել է երկխոսության

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Համաշխարհային բանկն ու Հայաստանի կառավարությունն այսօր Երևանում «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ, մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողով են կազմակերպել: Միջոցառմանն աջակցել են Վերակառուցման ու Զարգացման Եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, ՀՀ-ում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի Դաշնային հանրպետության դեսպանատները: Բնապահպան ակտիվիստների անմիջական մասնակցության շնորհիվ համաժողովը թեժ է սկսվել: Չնայած միջոցառման օրակարգում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթն էր նախատեսված, սակայն, նա համաժողովին չի մասնակցել , սակայն, երկխոսության է հրավիրել բնապահպան ակտիվիստներին: Վերջիններս, սակայն, վստահեցրել են, որ կառավարություն չեն գնա:

Հայաստանում Հանքարդյունաբերության զարգացման շուրջ կրքերը չեն հանդարտվում, տնտեսության պատասխանատուները տնտեսական հաշվարկներ են ներկայացնում, բնապահպաններն էլ ՝ բնությանն ու շրջակա միջավայրին հասցրած վնասներն են մատնաշնում: Վերջիններս « Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ, մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովին դատարկաձեռն չէին մասնակցում, բացի հանքարդյունաբերությունը քննադատող պաստառներից, նաև իրենց հետ ջուր էին բերել, այսպես ասենք նվերի ընտրությունը պատահական չէր, այն նաև կոնկրետ հասցեատեր ուներ, վերջիններիս խոսքով նրանց համար էր, որոնց պատճառով հանրապետության բազմաթիվ համայնքների բնակիչներ ստիպված նույն ա դ պղտոր ու վտանագվոր ջրից են խմում: Փոխարենը պաշտոնյաները վստահեցնում էին, որ որևէ մեկն այդ ջրից չի խմում.
«Հերիք ա թունավորեք մեր երկիրը: Խնդրեմ, վերցրեք ու խմեք այս ջուրը, էստեղ դնեմ վայելեք»:

Որևէ մեկն իհարկե պղտոր ջուրը չվայելեց: Իսկ դահլիճում ներկա էին բնապահպանության, էներգետիկայի ու բնական պաշարների, էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նախ ներկայացրեց հանքարդյունաբերության զարգացման տնտեսական արդյունքները՝ նշեց, որ ոլորտն իսկապես ամենառիսկայինն է, ընդորում մեծ են ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ու բնապահպանական ռիսկերը:

Հանքագործությունը լինելով կարևորագույն ոլորտ, ՀՆԱ-ի 2,9 տոկոսն է կազմում 2012-ի տվյալներով, 2013-ին այդ տոկոսն իջնելու է և գուցե 2,6տոկոս կազմի: « Հանքագործության ապագա զարգացումները թույլ չեն տալիս ասել, որ վերջինիս մասնաբաժինը տնտեսության մեջ կաճի»,- ընդգծեց նախարարը՝ հստակեցնելով 2012-ին ոլորտից հավաքագրվել է 43 մլրդ դրամ հարկ կամ ընդհանուրի 5 տոկոսը: Ոլորտում շուրջ տասը հազար մարդ է աշխատում,
«Կարող եմ ասել, որ այստեղ աշխատավարձը երկու անգամ բարձր է հանրապետության միջին աշխատավարձից: Միանշանակ մենք պետք է ընդունենք այն, որ սա այն ոլորտն է, որն այսօրվա շահը գերադասում է ապագայի շահերից»:

Նույն այն պահին, երբ դահլիճում էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էր ելույթ ունենում, նրա գործընկերը՝ բնապահպանության նախարար Արամ Հարությանյանը բնապահպան ակտիվիստների հարցերին էր պատասխանում: Նա նշեց, որ Ամուլսարի շահագործմանը ինքը բացասական գնահատական է տվել
«Մինչև հիմա իմ ընդդիմախոսին լսեցի, որպեսզի ձեր համար պարզ լինի, հայտարարում ենք ստեղծել ենք Ջերմուկ ջրաբանական արգելավայր, մեր ընդդիմախոսներն ասում են դուք ոչ թե պետք է ստեղծեիք: Ասում են, որ ազգային պարկը վերացրել եք, հետո ասում են, որ պետք է ստեղծեիք, ես որպես բնապահպանության նախարար կուզենայի, որ ՀՀ ամբողջ տարածքը լինի պահպանվող տարածք, բայց գործատռույթներ կան, որոնք և ժամանակ են պահանջում, և օրենսդրական նորմավորման խնդիրներ ունեն և կապված են համայնքների հետ: Բնականաբար, մենք գիտենք, թե ինչպես կարելի է խնդիրները կարգավորել և առաջնայինը տարբերում ենք երկրորդայինից»:

Բացի կառավարության անդամներից ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը, Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոսր դեսպան Քեթրին Լիչը, ՀՀ-ում Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Ջոն Հեֆֆերնը կարևորեց երկխոսությունը շահագրգիռ բոլոր կողմերի միջև՝ ընդգծեց, որ կան վիճահարույց շատ խնդիրներ, հույս հայտնեց, որ այսօրվանից սկսած այդ երկխոսությունը ՀՀ կառավարության, ձեռնարկությունների և այլ շահագրգիռ անձանց միջև կշարունակվի:

«Քաղաքացիական հասարակության համար կարևոր է, որպեսզի նման միջոցառումների շրջանակներում շփվեն հանքարդյունաբերական ընկերությունների հետ: Եթե քաղաքացիների շահերը ներկայացնող անկախ կազմակերպությունները կամ անկախ անձինք արհամարհեն ձեռնարկություններին, ապա իրենք իրենց ասելիքը տեղ չեն կարող հասցնել»:

Միջոցառմանը պետք է մասնացեր նաև հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը միջոցառմանը չմասնակցեց, սակայն, երկխոսության հրավիրեց բնապահպան ակտիվիստներին: Հրավերքը փոխանցեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը.«ՀՀ վարչապետի անունից այստեղ հավաքված բոլոր ակտիվիստներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում եմ: Եթե կա օրակարգ, և այդ օրակարգը ուզում եք նաև հասցնել կառավարություն, վարչապետը պատրաստ է այսօր ևետ ձեզ ընդունել, խնդրում եմ խումբ ձևավորել, որին եմնք համապատասխանորեն կընդունենք, ՀՀ կառավարությունում վարչապետը ձեզ կընդունի: Մինչ այդ, ես ձեզ կխնդրեի, որ ձեր բոլոր փաստարկները մանրամասնորեն, վերլուծություններով հնչեցնեք»:

Կընդունեն հրավերը բնապահպան ակտիվիստները, թե ոչ, փորձեցինք նրանցից պարզել: Ահա թե ինչ վստահեցրեցին
«Չենք գնալու, գնանք ինչ անենք, մենք ինչքան նամակներ ենք գրել, դուք ասեք հարյուր, մենք ասենք հազարավոր նամակներ են գնացել, բայց պարոն վարչապետը մեր ոչ մի նամակին ուղղակիորեն ինքը չի պատասխանել, ինքը բնապահպանության, էներգետիկայի, էկոնոմիկայի նախարարությունների վրա է մակագրում, որտեղից էլ անկապ ու ոչինչ չասող պատասխաններ ենք ստանում: Հազար նամակ ուղարկելուց հետո գնանք իր հետ երկխոսե՞նք»:

Իսկ ես հավելեմ, որ «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում, հնարավորություններ, մարտահրավերներ» խորագիրը կրող համաժողովը երկօրյա է, այն նաև վաղն է շարունակելու իր աշխատանքները:

Back to top button