Հասարակություն

Երեւանցիների մեծամասնությունը դեմ է պարտադիր կուտակային կենասաթոշակին, ցույց են տալիս «Գելափի» հարցումները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Երևացիների 88,7 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Ըստ «Գելափ ինթերնեյշնալ ասոցիացիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի փետրվարի 13-28 անցկացված հեռախոսային հարցման արդյունքների՝ ընդդիմադիրների 34,3 տոկոսը  կարծում է, թե կուտակված գումարները հետ ստանալու երաշխիք չկա, 32,9 տոկոսը չի վստահում կառավարությանը, 18,8 տոկոսը՝ ֆոնդերին։

Կենսաթոշակային այս բարեփոխումներին կողմ է հարցված երևանցիների 6,5 տոկոսը, նշեց հետազոտման ղեկավար Գայանե Դաջունցը։ Հարցվածների 46,2 տոկոսը կարծում է, որ պետությունն իր ներդրումը կունենա քաղաքացիների բարեկեցիկ ապագա ապահովելու գործում, 44,6 տոկոսը համոզված է, որ  նոր համակարգի շնորհիվ հետագայում կստանանք բարձր թոշակներ։

Հատկանշական է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին լսել է հարցվածների 93 տոկոսը, 59 տոկոսը  խոստովանել է, որ տեղեկացված չէ: Հարցվածների մոտ 83 տոկոսը գիտի, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի համապատասխանությունը ՀՀ սահամանադրությանը քննվում է Սահմանադրական դատարանում, սակայն հարցվածների մեծ մասը համոզված է, որ օրենքը չի փոփոխվի:

Հարցվածների 86 տոկոսը հայտնել է, որ մասնակցում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաներին կամ «Facebook» սոցիալական ցանցի միջոցով, կամ մասնակցելով ցույցերին և երթերին։ 

Ըստ «Գելափ ինթերնեյշնալ ասոցիացիա» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանի՝ հարցման ընթացքում պահպանվել է երևանցիների ինչպես տարիքային, այնպես էլ սեռային համամասնությունը:

Back to top button