ԿարևորՔաղաքական

Սիրիահայ.«Քեսաբի հայաթափումն ակնհայտորեն իրականացվել է ամբողջապես Թուրքիայի իշխանությունների գիտությամբ»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի հայաթափումն ակնհայտորեն իրականացվել է ամբողջապես Թուրքիայի իշխանությունների գիտությամբ, թողտվությամբ ու աջակցությամբ: Խոսելով սիրիական վերջին զարգացումների մասին` այսպիսի համոզմունք են հայտնել արաբագետ Արմեն Պետրոսյանն ու սիրիահայ մեր հայրենակից Վազգեն Մեսրոպյանը:

//www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/Karen-25-03.mp3

Սիրիահայերի համար կարեւորագույն կենտրոն համարվող Քեսաբը տեսնում է 3-րդ տեղահանությունը` 1907 թվականից ի վեր: Սիրիական բանակը հանկարծակի հարձակումից ետ է քաշվել` հասկանալու համար, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկայում, բանակի հետ ետ են քաշվել նաեւ սիրիահայ երիտասարդները, ովքեր բանակի հետ պաշտպանում էին իրենց տունն ու տեղը: Սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը համոզված է, որ վերջին իրադարձություններում թուրքական ձեռագիրն ակնհայտ է:
«Բացեցին սահմանները, թույլ տվեցին ահաբեկիչներին, որ ներխուժեն եւ առաջին կրակոցներն էլ թուրքական ժանդարմներն արեցին»:

Տեղահանված Քեսաբահայությունը տեղափոխվել է Լաթաքիա եւ ապաստան գտել հայկական եկեղեցու բակում: Լրատվության համաձայն` Քեսաբում շարունակվում է հայերի տների թալանը, որոնք քանդում ու այրում են: Ստացված տեղեկությունների համաձայն` թուրքական սահմանից Քեսաբ են մուտք գործում Թուրքիայում բնակվող թուրքմաններ, որոնք թալանելով հայերի տները` ավարը հենց թուրքական բացված սահմանով տեղափոխում են Թուրքիայի տարածք: Քեսաբի հայկական եկեղեցին ահաբեկիչները վերածել են իրենց համար զորամասի: Հայտնի ձեռագիր, որի մասին հիշողությունները պարզապես թարմացվեցին:

«100 տարի հետո էլ թուրքն իր ոխակալ քայլերին է դիմում»:  Արաբագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ` Սիրիայի վերջին զարգացումները կապված են Սիրիայից դուրս ընթացող զարգացումների հետ: Մասնավորապես` սիրիական իրադարձություններում ներգրավված կարեւոր կողմերը` Արեւմուտքն ու Ռուսաստանը զբաղված են իրենց համար առավել կարեւոր նշանակություն ունեցող ուկրաինական խնդիրներով:

«Իրենց ազդեցությունը զգալիորեն թուլացրել է սիրիական հակամարտության շրջանակներում»:

Ուկրաինայի հարցով Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած շատ խորը հակասություններն ակնհայտ են դարձնում, որ սիրիական հարցով Ժնեւ-2 ձեւաչափն այլեւս արդյունավետ չի լինելու: Արաբագետը կարծում է, որ հենց այս հանգամանքը հաշվի են առնում տարածաշրջանային բոլոր շահագրգիռ խաղացողները` փորձելով նոր ուղղություն տալ սիրիական հակամարտությանը` երկրի ներսում փորձելով փոխել ուժերի հավասարակշռությունը հօգուտ իրենց համար ձեռնտու ուժերի կողմը:

«Հենց այս գործընթացների համատեքստում այսօր մենք տեսնում են Թուրքիայի անմիջական ներգրավմամբ ռազմական գործողությունների ակտիվացում Սիրիայի հյուսիս-արեւմտյան շրջանում»:

Թե’ արաբագետ Արմեն Պետրոսյանը, թե’ սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը կարծում են, որ Քեսապի ճակատագրին կարող է արժանանալ նաեւ Լաթաքիան: Բանախոսները կարծում են, որ Հայաստանը որպես պետություն իր բոլոր հնարավորություններով պիտի դիմի միջազգային կառույցներին` թույլ չտալու համար հայերի հերթական տեղահանություն, բացի այդ, նրանց կարծիքով, պետք է ամբողջ հայությունն իր ուժերը համախմբի` անհրաժեշտ օգնություն տեղահանված քեսաբահայերին ցույց տալու համար:

Back to top button