Այսօր Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցն է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀԿ նախագահ և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցն է: Կոմիտասի անվան պանթեոնում հանգրվանած քաղաքական գործչի շիրիմին են այցելել հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հասարակական ու քաղաքական գործիչներ ու նրա հարազատները: Անդրանիկ Մարգարյանն իր քաղաքական գործունեությունն ուղորդում էր նժդեհյան գաղափարներով, ասել են գործընկերները:
7 տարի առաջ` այս օրը, կտրվեց քաղաքական գործիչ, Նորանկախ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կյանքի թելը: Մեր երկրի հասարակարգային փոփոխության առաջամարտիկ ու գաղափարախոս վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը բազում անավարտ գործեր ու ծրագրեր թողեց թղթի վրա և մտապատկերում: Նշանավոր մարդկանց ու գործիչների վերջին հանգրվան Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն էին եկել երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատները , նրան ճանաչող և նրա վաստակը գնահատող մարդիկ: ՄԵր մեծերը հեռանում են, սակայն նրանք մեր ու մեր սերունդներ հետ են, ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
«Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, փորձում ենք մեկ անգամ ևս մեզ տալ այն հիմնական հարցը, որ յուրաքանչյուր մարդ պետք է տա իրեն ցանկացած օր: Արդյո՞ք արժանի է այն հիշատակին, որը թողել է մեզ Անդրանիկ Մարգարյանը: Այդ մեծերի շնորհիվ է, որ ազգերն ու պետությունները կայանում են: Այսպիսի դեպքերում մենք յուրաքանչյուր անգամ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր բան անցանել է և մի անանցանելի բան կա `դա սերը և նվիրումը իր ազգին և պետությանն է: Եվ ես կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանն ապրեց իր կյանքն այդ երկու սկզբունքով: Փառք մեր մեծերին, փառք մեր Անդրանիկ ՄԱրգարյանին»:
ՊՆ « Գարեգին Նժդեհ», « Արամ Մանուկյան», « Ֆրիտյոֆ Նանսեն», «Վազգեն Սարգսյան» ԵԿՄ մեդալներով պարգևատրված Անդրանիկ Մարգարյանը միշտ էր բարձրաձայնում ղարաբաղյան հիմնախնդիրների շուրջ բանակցությունները շարունակելու և այն խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Խաղաղության, համերաշխության և հանդուրժողականության խորհրդանիշ էր, այսպիսին է Անդրանիկ Մարգարյանն իր ընկերների մտապատկերում: Հիշում են նրա պատգամներն ու փորձում առաջնորդվել դրանցով: