ԿարևորՔաղաքական

ԱԺ չորս պատգամավորները մեկնել են Քեսաբ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ չորս պատգամավոր` Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը եւ Թեւան Պողոսյանը այսօր մեկնել են Սիրիայի Քեսաբ քաղաք` այնտեղի հայկական համայնքի վիճակն ուսումնասիրելու համար։ Պատգամավորների վերադառնալուն պես խորհրդարանականներին մանրամասն կներկայացվի այդ քաղաքում տիրող իրավիճակը, խոստացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Միայն հանրապետական խմբակցության պատգամավորներից պատվիրակություն կազմելը դուր չեկավ խորհրդարանի այլ եւժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես՝ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը բոլորովին այլ թեմայով իր հայտարարության սկզբում նախ անդրադարձավ այս խնդրին: «Ուրախ եմ, որ ԱԺ-ից երեկ պատվիրակություն է կազմվել եւ մեկնել Սիրիա: Բայց ուրախ չեմ, որ այդ պատվիրակությունը ձեւավորվել է միակուսակցական սկզբունքով: Մեր խորհրդարանը բազմակուսակցական է: Շատ ավելի կոռեկլտ եւ ճիշտ կլիներ, որ մյուս խմբակցությունները եւս տեղեկացված լինեին այդ պատվիրակության մասին: Իշխանությունը միշտ խոսում է երկխոսության մասին, բայց այս կարգի ազգային հարցերում անտեսել մյուս խմբակցություններին, կարծում եմ ճիշտ չէ: Այս աշխատաոճը մեզ համար ընդունելի չէ»։

Հայաբնակ Քեսաբի շուրջ ծավալվող խնդիրներին իր հերթին անդրադարձավ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմերին նետված լրջագույն մարտահրավեր է: Մի բան անվիճելի է. Քեսաբի վրա զինված հարձակումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Սա բացահայտ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային երկրներին եւ խաղաղությանը, այլեւ ազդակ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների համար, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ»։

«Օրինաց երկրից» Մհեր Շահգելդյանն էլ՝ նախ ուշադրություն հրավիրեց, թե ինչպես է տեղի ունեցել հարձակումը Քեսաբի վրա: Դեպի ԵՄ ձգտող Թուրքիայի այս քայլը նոր մարտահրավեր է աշխարհի համար, ասաց պատգամավորը։ «Ռազմական հարձակման արդյունքում տեղահանվել է հայ ազգաբնակչությունը։ Ըստ մի շարք տվյալների` զինյալները սիրիական սահմանն անցել են եւ հարձակվել են Քեսաբի վրա Թուրքիայի սահմանից: Թուրքական կառավարությունն առայսօր այս հայտարարությունները եւ ԶԼՄ-ների տեղեկությունները չի հերքել: Ըստ էության՝ սա նոր փուլ է դառնում Սիրիական հակամարտության գործընթացում: Եվրոպա ձգտող Թուրքիան պետք է հստակ հասկանա, որ Քեսաբի դեպքերը ներկայումս վերաբերում են  զինված հակամարտությունների պայմաններում ազգային փոքրամասնությունների իրավունքներին եւ սա իրապես մարտահրավեր է միջազգային կազմակերպությունների սկզբունքներին եւ, հատկապես, այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են փոքրամասնությունների իրավունքներով»։

ԱԺ մյուս փոխնախագահ Հերմինե Նախղդալյանը նույնպես խոսեց Քեսաբի մասին` հիշեցնելով, որ հայերն այնտեղ էին տեղափոխվել Հայոց Ցեղասպանությունից հետո։ «Այս հարձակումներն արդեն երրորդ անգամ ապացուցում են, որ Թուրքիան չի մոռանում տարածաշրջանը հայաթափ անելու մասին: Իզուր չէ, որ Քեսաբի դեպքերը շատերի կողմից որակվեցին որպես երրորդ ցեղասպանության փորձ: Թուրքիան այսօր էլ էթնիկ զտումների փորձ է իրականացնում գրեթե նույն մեթոդներով, ինչ 20-րդ դարասկզբին` փաստացի մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը»։

ԱԺ փոխնախագահը կոչ արեց միջազգային հանրությանը արժանի գնահատական տալ Քեսաբի իրադարձություններին, իսկ հայ խորհրդարանականների համար էլ առաջնային խնդիր համարեց միջազգային ատյաններում կատարվածի մասին բարձրաձայնելը։

Back to top button