Հասարակություն

Սիրիայի պատերազամական գոտու թարմ լուրերը՝ բրիտանացի լրագրողի փոխանցմամբ

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Դամասկոսից միանգամից Լոս Անջելեսի միջազգային օդակայան` Լիբանանում կատարած կանգառով. այս ճանապարհը 29 ժամում կտրած Ռոբերտ Ֆիսկը, չնայած հոգնածությանը, չի մերժել ուշ երեկոյան հայ համայնքի հետ հանդիպելու առաջարկը: Ու չնայած հայտնի լրագրողը Լոս Անջելես էր ժամանել` մասնակցելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնֆերանսին, այնուամենայնիվ փորձել է ժամ առաջ հանդիպել հայերի հետ` նրանց փոխանցելու պատերազմական գոտու թարմ լուրերը:

Ռոբերտ Ֆիսկն ավելի քան 20 տարի հանդիսանում է բրիտանական The independent թերթի սեփական թղթակիցը Միջին Արևելքում: Նա միջազգային լրագրության ոլորտի ավելի շատ մրցանակի է արժանացել, քան որևէ այլ լրագրող: Յոթ անգամ ճանաչվել է տարվա միջազգային լրագրող: Ֆիսկը մի քանի գիրք է գրել ու տասնյակ ռեժորտաժներ հաղորդել աշխարհի թեժ կետերից` պատերազմների ու զինված բախումների մասին: Երեք անգամ հարցազրույց է վարել Օսամա Բին Լադենի հետ. արևելքի ու արևելյան կոնֆլիկտների մեծ գիտակ է: Նրան արևելքում ընդունում և ճանաչում են` իբրև ճշմարտության մարտիկ: Ու չնայած Աֆղանստանի պատերզմի ժամանակ գերի է ընկել, տարբեր այլ առիթներով ծանր վնասվածքներ ստացել, այնուամենայնիվ շարունակում է լինել այնտեղ, որտեղից բոլորը փախչում են, հաղորդել կրակի գծից:

Վերջին երկու ռեպորտաժը գրել է մարտի 19-ին և 22-ին. հենց դրանց մանրամասներն էլ նա ներկայացրեց հայ համայնքի հետ հանդիպմանը: Այս անգամ նա եղել էր Սիրիայի Յաբրուդ քաղաքում, որը սիրիական բանակը նոր է ազատագրել իսլամիստների ձեռքից:

Հիմահատակ ավերված քաղաքում Ռոբերտ Ֆիսկին ամենից շատ ցնցել է քրիստոնեական եկեղեցու վիճակը:

«Յաբրուդում գտնվող հունական այդ եկեղեցին հիմնովին ավերել են, դանակով քերել են մանրանկարների վրա պատկերված սրբերի աչքերը, նույնիսկ քերել են վիշապի աչքերը, որի վրա նկարում նստած է սուրբ Գևորգը: Պատերին փակցված սրբապատկերները կտրատված են. ահա դրանցից մի կտոր` իբրև վառ օրինակ, թե ինչ է այսօր կատարվում Սիրիայում»:

Ռոբերտ Ֆիսկը հետը բերել էր նաև այրված Նոր կտարկարանի մի օրինակ` իբրև Սիրիայում այսօր տեղի ունեցող վանդալիզմի ապացույց: Նա հանդիպել է իսլամիստների տիրապետության օրոք երեք տարի Յաբրուդում անցկացրած մի կնոջ: Նա պատմել է, որ սնունդը քարիտոնյաներին վաճառվում էր կրկնակի թանկ` իրենց հավատի համար:

«Արդյոք նման վանդալիզմից և վերաբերմունքեից հետո երբևէ հնարավոր կլինի վերացնել Սիրիայի քրիստոնյա և մահմեդական համայնքների միջև առաջացած մեծ անջրպետը. թերևս երբեք», ասում է Ռոբերտ Ֆիսկը:
Սիրիայում նա հանդիպել է նաև հայ հոգևորականի հետ, ումից իմացել, որ 25-30 հազար սիրիահայ` համայնքի մեկ քառորդից ավելին լքել է Սիրիան:

«Հայ հոգևորականն ասաց, որ հեռանալիս նրանք ասում են, որ անպայման կվերադառնան: Կարծում եմ` նրանք հետ չեն գնա այլևս: Երբ մարդ ընտանիքն առնում-փախչում է իր տանից, որտեղ պատերազմ է, նոր կյանք է սկսում այլ երկրում, դժվար է նորից կտրվել ու հետ գնալ: Նույնն է նաև մյուս քրիստոնյա համայնքների դեպքում, և դա մեծագույն ողբերգություն է: Ես` իբրև այդ ամենի ականատես-լրագրող, չգիտեմ` ինչպես կարելի է կանխել դա»:

Ռոբերտ Ֆիսկի դիտարկմամբ, գլխավոր խնդիրը դրսից Սիրիայի բնակչության միջև բաժանարար գծեր դնելն է: Եվ ոչ միայն Սիրիայի: Նա նշեց, որ արևմտյան լրագրողները նույնիսկ քարտեզներ ունեն, որտեղ գծագրված են մահմեդականների` շիաների, սունիների և քրիատոսնյաների բնակավայրերը` նույնիսկ ըստ ազգության տարանջատմամբ: Նույն քաղաքում բաժանարար գիծը տարանջատում է փողոցի երկու կողմում ապրողներին` ըստ հավատի, ազգության ու ռասայի: Թայ ամսագիրն ըստ Ֆիսկի, նույնսիկ առաջին էջում տպագրել է ձեռնարկ` ինչպես տարբերել շիաներին սունիներից:

«Մենք` մեր կատարյալ հասարակությունում չունենք նման քարտեզներ, բաժանարար գծեր: Կալիֆորնիայում չկա քարտեզ` ըստ հայերի ու այլ ազգությունների բնակավայրերի, Վաշինտգտոնը բաժանված չէ` ըստ սևերի ու սպիտակների բնակության վայրի: Այդ քարտեզներն ու բաժանարար գծերը կան միայն Սիրիայում, Իրաքում և Լիբանանում: Հենց դա է Միջին Արևելքի ամենամեծ խնդիրը»:

Ռոբերտ Ֆիսկը նշում է, որ սիրիական երբեմնի հարուստ Յաբրուդ քաղաքն այժմ ավերակ է: Ու թեև այն այժմ ազատագրված է` իբրև սիրիական զորքի մեծ հաղթանակ, բայց քանդված է ու անճանաչելի: Ինչպես ամբողջ Սիրիան:

Back to top button