ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են հարված հասցնել Եվրոպային, ասել է Իտալիայի ԱԳ նախարարը


Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կարող են հարված հասցնել Եվրոպային:«Իրականությունն այն է, որ մենք փոխկապակցված ենք: Եթե շարունակենք ընթանալ հարաբերությունների խզման ճանապարհով, կհայտնվենք մի աշխարհում, որը կառավարել հնարավոր չի լինի», — Իտալիայի ԱԳ նախարարի խոսքը մեջբերում է Газета.Ru-ն: Վերջինս հիշեցրել է, որ Իտալիայի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունները շատ ուժեղ են, քանի որ իրենց հանրապետությունը հանդիսանում է ռուսական էներգոռեսուրսների ամենախոշոր ներկրողը:
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան դեռևս շարունակում է մնալ G8-ի գործընկերը` չնայած այն հանգամանքին, որ «ութնյակի» մյուս անդամները դադարեցրել են Սոչիում գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: