Պարույր Հայրիկայնի փաստաբանը դիմել է ԱԱԾ ու ՀՀ Գլխավոր դատախազություն


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Պարույր Հայրիկյանի քրեական գործով դատապարտյալ Վարդան Սեդրակյանի կնոջ եւ բարձրաստիճան զինվորական Ալեքսանդր Աբրահամյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը մի քանի օր առաջ հայտնվեց համացանցում, այնուհետեւ անհետացավ: Բայց այդ ընթացքում Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանին հաջողվել է ձեռք բերել այդ ձայնագրության պատճենը: Հիմա դա հիմք դարձավ, որ թարմացվեն նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի խոսակցությունները: Խնդիրն այն է, որ Ալեքսանդր Աբրահամյանը փորձում է Վարդան Սեդրակյանի ընտանիքից հետ ստանալ ինչ որ միլիոնավոր դոլարներ, քանի որ այդ գումարները միայն իրենը չեն:
Սեդրակյանի կինն իր հերթին պատասխանել է, որ խուզարկության ժամանակ իրենց տանից գումար չի հայտնաբերվել: ԱԻՄ առաջնորդի փաստաբանն այսօր հիշեցրեց, որ սույն քրեական գործի շրջանակներում դեռեւս դատաքննության փուլում Պարույր Հայրիկյանը միջնորդություն էր արել, որպեսզի հարցաքննեն հայր եւ որդի Աբրահամյաններին, որոնցից որդին` Էդուարդ Աբրահամյանը, քրեական գործում ցուցմունք է տվել, որ Սեդրակյանին տվել է 100 հազար ամերիկյան դոլար:
Պարոյր Հայրիկյանի փաստաբանն այս հարցերով այսօր դիմեց Ազգային Անվտանգության ծառայությանը եւ ՀՀ Գլխավոր դատախազին: Համարում է, որ լրատվամիջոցներով հայտարարությունը բավարար է ուշադրություն հրավիրելու համար:
Այս պահին հստակ փաստեր դեռեւս չկան, որ հեռախոսազրույցը եւ դրանում նշվող դոլարները կապ ունեն բացառապես Հայրիկյանի մահափորձի հետ:
Հիշեցնենք, որ այս քրեական գործով դատապարտյալ Վարդան Սեդրակյանն արդեն կրում է 14 տարվա ազատազրկման իր պատիժը: