Հասարակություն

Շուշիի կոտորածներին պետք է իրավական գնահատական տրվի. քննարկում Արցախի համալսարանում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Մարտի 23- ին լրացավ Շուշիի 1920 թվականի արյունոտ իրադարձությունների տարելիցը: Մոտ 30 հազար հայություն ունեցող Արցախի մշակութային ու քաղաքական կենտրոնում կատարված ջարդերի արդյունքում նահատարկվեց մոտ 7-8 հազար մարդ: Քաղաքից հեռացավ մինչև 17 հազար հայ: Դրանով մոտ 70 տարով մոռացութայն մատնվեց Շուշիի հայկական պատմությունը: Ողբերգական տարելիցի կապակցությամբ Արցախի պետական համալսարանում քննարկումներ են կազմակերպել Շուշիի պատմության թանգարանը , «Կաճառ» գիտական կենտրոնը և համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը։ Քննարկման մասնակիցները հայտարարություն են ընդունել, որում նշել են, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից կազմակերպված և իրականացված կոտորածները և երբեմնի ծաղկուն քաղաքի հրկիզումը ոչ միայն արմենոցիդի թուրքական քաղաքականության շարունակություն են, այլև ուղղված են մարդկության և ժողովրդավարության դեմ:

Ինչո՞ւ տեղի ունեցան Շուշիի ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում Շուշին հռչակվեց մահմեդական քաղաք և այսօր որպես այդպիսին քարոզվում է մեր հակառակորդների կողմից: Քննարկաման մասնակիցները` պատմաբաններ, քաղաքագետներ ու իրավաբաններ, ոչ միայն պատմական անցքերին անդրադարձան, այլև քաղաքի ազատագրումից հետո շարունակվող քարոզչական պատերազմին ու հակաքայլերին:

Շուշիի իրադարձությունները իրավական գնահատակաին կարիք ունեն: Ըստ  Արցախի պետհամալսարանի ուսանողական գիտական ընկերության նախագահ, իրավաբան Ավետիք Հարությունյանի՝ դրանք կարելի է ցեղասպանություն եզրույթով բնութագրել։ Սակայն դրա համար ոչ միայն միջազգային իրավական հարթակներում, այլև հայկական տիրույթում իրավաբանորեն ձևակերպելու համար մանրակրկիտ աշխատանք է անհրաժեշտ։

Կլոր սեղանի մասնակիցները Շուշիի իրադարձությունների կապակցությամբ ընդունված հայտարարությամբ դատապարտեցին 94- ամյա  վաղեմության իրադարձությունները՝ վստահություն հայտնելով, որ պետական ահաբեկչության և էթնիկական զտումների շարունակվող քաղաքականության դատապարտումը և իրավական գնահատական տալը նման դրսևորումների կանխարգելման արդյունավետ միջոց են։

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ հենց անպատժելիությունն է ԱԴՀ իրավահաջորդ Ադրբեջանի Հանրապետության կողմից որդեգրած ոճրագրոծ քաղաքականության դրսևորման պատճառը, որն արտահայտվեց 1987-1991 թթ ջարդերով և բռնի տեղահանություններով, ԼՂՀ դեմ սանձազերձած պատերազմով և սահմանին տիրող այսօրվա իրավիճակով:

Back to top button