Քաղաքական

Ինքնորոշումը դառնում է հզոր գործոն աշխարհում եւ դա այն է, ինչն իր համար որպես դրոշ է վերցրել ՌԴ նախագահը. վերլուծաբան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Այն արժեքներն ու սկզբունքները, որոնք չեն արդարացնում իրենց փոփոխվում են: Խորհրդային միության փլուզմամբ հիմք դրվեց այդպիսի փոփոխությունների եւ դրանք շարունակվում են մինչեւ հիմա: Այս կարծիքին է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փոխտնօրեն Մանվել Սարգսյանը: Քաղաքական վերլուծաբանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հենց այս տեսանկյունից է խոսել Ղրիմի իրադարձությունների մասին:

Ղրիմից հետո նոր սառը պատերազմի մասին խոսակցություններն իմաստ չունեն, քանի որ սառը պատերազմի տրամաբանությամբ աշխարհում կատարվող ներկայիս իրադարձությունները հնարավոր չէ հասկանալ` համոզված է Մանվել Սարգսյանը: Ըստ քաղաքական վերլուծաբանի` աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շրջան է եւ այն պարզապես ուղեկցվում է հենց պատերազմով: «Եթե լայնածավալ մարտական գործողություններ չկան, դա չի նշանակում, թե դա պատերազմ չէ: Փոփոխությունը, դա պատերազմ է»:

Եթե այս տեսանկյունից նայենք, թե ինչ է կատարվում` հասկանալի է դառնում, որ զարգացումները հանգեցնում են հնի փոփոխության` փոխվում է այն, ինչը չի արդարացնում իրեն եւ դա հնարավոր չէ հասկանալ պատմական համեմատություններ կատարելով: Ռուսաստանն առանց կրակոցի վերցրեց Ղրիմը եւ սա նշանակում է, որ գործում են բոլորովին նոր մեթոդներ: Մանվել Սարգսյանը նկատեց, որ ինքնորոշումը դառնում է հզոր գործոն աշխարհում եւ դա այն է, ինչը Ռուսաստանի նախագահը վերցրել է որպես դրոշ իր համար: Վերլուծաբանի գնահատմամբ` թեպետ այս թեզը վտանգավոր է հենց Ռուսաստանի համար: Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ` փոփոխությունները խորն են լինելու:

«Էությունն այս փոփոխությունների այն է, որ բոլորն էլ հասկանում են, որ փոփոխում են Երկիրը, բայց տարբեր երկրներ լրիվ տարբեր դերերում են: Եթե անկեղծ ասեմ` ես դեռ չգիտեմ` ով է քանդում Ուկրաինան»:

Տպավորությունս այն է, որ Ուկրաինան քանդում է Արեւմուտքը` Ռուսաստանի ձեռքով` հավելեց Մանվել Սարգսյանը: Ըստ նրա` այսօր շատ դժվար է հասկանալ, թե ով ինչ է անում:
Քաղաքական վերլուծաբանը նաեւ շեշտեց, որ ինքնորոշման հետ կապված նման խնդիրներից յուրաքանչյուրն էլ տարբեր է, քանի որ հազարավոր հարցեր են առաջանում եւ այդ առումով տարբեր են թե’ Ղարաբաղի, թե’ Կոսովոյի, թե’ Ղրիմի հանրաքվեներն ու ինքնորոշումը:

Back to top button