Հասարակություն

Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Այսօր Հայաստանում ապրում է տուբերկուլոզով հիվանդ 1000 մարդ: 2013 թվականին ազատազրկման վայրերում արձանագրվել է տուբերկուլոզի 27 դեպք, որից մեկը մահվան ելքով:

Տուբերկուլոզ. հայերեն համարժեքը` թոքախտ: Մարդու և կենդանիների վարակիչ հիվանդություն է և բնորոշվում է հիմնականում թոքերում և ավշային հանգույցներում բորբոքային առանձնահատուկ փոփոխությունների առաջացմամբ` փոքր թմբիկների տեսքով: Վաղեմի անբուժելի և մահացու հիվանդությունն այսօր բժշկության հսկողությամբ դասվում է բարեհաջող բուժելի հիվանդությունների շարքին: Ունենք նաև հակատուբերկուլոզային ազգային ծրագիր, ինչի շնորհիվ Հայաստանում 2006 թվականից արձանագրվում է տուբերկուլոզի հիվանդացության և մահացության դեպքերի նվազում:

«2013 թվականին նոր դեպքերի թիվը կազմել է 1055, որը մնացած տարիների համեմատ քիչ է, իսկ մահացության  դեպքերը 49- ն են»:

Հայաստանում այս հիվանդությունից մահացության տոկոսը նախորդ տարիների համեմատ նվազել է մեկուկես տոկոսով, ասում է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ավելացնում, որ հայտնաբերված նոր դեպքերի մեջ մանկական դեպքերը կազմում են 6 տոկոս: ԲՑԺ պատվասնայութը նորածինները ստանում են հիվանդանոցում, ինչն էլ փոքրիկին մինչև իմուն համակարգի ձևավորումը ապահովագրում է տուբերկուլոզային մենինգիտից: 2013 թվականին Հայաստանում արձանագրվել է առանց մահվան ելքի տուբերկուլոզով 66 մանկական հիվանդության դեպք: Ազգային ծրագրի իրականացրած միջոցառումները տվել են իրենց արդյունքները, ասում է Արմեն Հայրապետյանը:

Հիվանդության զարգացմանը նպաստում են ոչ լիարժեք սնունդը, խոնավ պայմաններում ապրելն ու աշխատելը։ Այսինքն՝ հարուցիչով կարող են վարակվել թույլ իմունիտետ ունեցողները: Հիվանդության ախտանշաններն են բարձր ջերմությունը, երկարատև հազը, քրտնարտադրությունը, ինքնազգացողության վատացումը , քաշի նվազումն ու մկանային ցավերը: Ռիսկային խմբերից են հատկապես միգրանտները, ՄԻԱՎ վարակակիրները, ազատազրկման մեջ գտնվողները, թմրամոլներն ու փախստականները:

«Գլոբալ» հիմնադրամը 2007 թվականից աջակցում է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին: Ներկա դրամաշնորհային արժեքը  8միլիոն եվրո է: ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյան. «Մեր հիմնական նպատակն է ակտիվացնել տուբերկուլոզի  չհայտնաբերված դեպքերի բացահայտումը ԱՀԿ-ի հետ համատեղ ունենք կոչ»:

Back to top button