ԿարևորՔաղաքական

ԱԺ «քառյակը» հանձնաժողով, ԱԺ նախագահը լսումներ են առաջարկում (լրացված)

լրացված է ժամը 18։03- ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Խորհրդարանն  այսօր մեկնարկած քառօրյայի ընթացքում սկսել է պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ արտահերթ ընթացակարգով օրակարգ ընդգրված հարցի քննարկումը: Նախաձեռնությունը ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցություններին է: ԲՀԿ-ն,  ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հերթական առաջարկն են ներկայացնել:  Այն պետք է ուսումնասիրի կառավարության ու քաղաքապետարանի կողմից վերջին տարիների ընթացքում գործադրված  մի շարք միջոցառումների ազդցությունը: Խոսքը, ըստ հեղինակների, արագաչափերի կիրառմնան, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման մասին է:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/240314aj.mp3

Խորհրդարանը պետք է քննարկի ցանկացած նախաձեռնություն՝ անկախ հանգամանքից ներկայացնող  քառյակը հրաշալի՞ է, թե՞ ոչ՝ ոչ, իշխանական 4 ուժերի հերթական նախաձեռնությանն անդրադառնալով այսօր լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես չեմ կարող որևէ նախաձեռնություն ստվերել: Եթե կան մտահոգություններ, պարտավոր են դրանք լսել, քննարկել: Ամեն դեպքում՝ ձևաչափը մեզ համար ընդունելի է:  ԱԺ-ն այն ամբիոնն է, որտեղից հարցը  պետք է ներկայացվի հանրությանը, անկախ նրանից՝ նախաձեռնողը հրաշալի՞ է, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ նախագահը։

Ինչ վերաբերում է քառյակի մյուս նախաձեռնությանը՝ կառավարությանն անվստահություն հատնելուն, ապա ԱԺ նախագահը դեռևս պատրաստ չէ այն քննարկել, այն պարզ պատճառով, որ «եթե մի նախաձեռնություն դեռ օրակարգում չկա, ի՞նչ գնահատենք: Կստանանք առաջարկը, հետո նոր կքննարկենք»:

Մի գնահատական ԱԺ նախագահն այնուամենայնիվ  տվեց՝ անդրադառնալով նախաձեռնողների այն դիտարկմանը, թե կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը հնարավոր է միանան նաև  մեծամասնության որոշ ներկայացուցիչներ կամ  Հանրապետականից պոկված բեկորներ: «ՀՀԿ շարքերը  կուռ են և որևէ նման բեկորի խնդիր ես չեմ տեսնում»։

Հարց հնչեց նաև  պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի վերաբերյալ:  ԱԺ նախագահը չբացառեց, որ օրենքը  փոփոխության կարիք ունի: Փոփոխությունները, սակայն, ոչ թե  ճնշման, այլ քննարկումների արդյունքնում պետք է կատարվեն։ «Մենք գտնում ենք, որ օրենքում  կան թերություններ, և օրենսդրական փոփոխությունների կարիք կա: Դա չի լինի ճնշման ներքո, այլ՝ քննարկումների ներքո:»

Վերադանանք 4 ուժերի կողմից արտահերթ ընթացակարգով այսօր քննարկման ներկայացված հարցին: ԲՀԿ-ն,  ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հերթական առաջարկն են ներկայացնում:  Այն, ըստ հեղինակների,  պետք է ուսումնասիրի կառավարության ու քաղաքապետարանի կողմից վերջին տարիների ընթացքում գործադրված  մի շարք միջոցառումների ազդեցությունը: Խոսքը, մասնավորապես, արագաչափերի կիրառմնան, վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման մասին է, որոնք հարկային թաքնված բեռ են դարձել Հայաստանի քաղաքացիների համար:

Հարցն ԱԺ ամբիոնից ներկայացնում էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Նախաձեռնությունը ներկայացվել է 4 քաղաքական ուժերի կողմից, դրան միացել են նաև Երևանի ավագանիում ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունները, իսկ լայն իմաստով կարելի է ասել, որ այս արտահերթ հարցի քննարկման հեղինակային իրավունքը  Հայաստանի հասարակության մեծամասնությանն է»:

Հանձնաժողովը, ըստ հեղինակների, պետք է ուսումնասիրի ոչ միայն այն, թե 2012-2014 թվականների ընթացքում արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, վճարովի ավտոկայանատեղերի գործողության արդյունքում որքանով է ավելացել հարկային բեռը, այլ նաև այն, թե որքանով են հիմնավորված այդ ծառայություններն իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրերը: Հեղինակները վստահ են, որ այդ ընկերությունները, առանց որևէ սպասարկում իրականցնելու, մեծ շահույթներ են ստանում:

Ռուբեն Հակոբյանի ամփոփմամբ՝ այս գործարքների մանրամասները պարզելը ԱԺ արժանապատվության հարցն է:  «Կարծում եմ՝ ԱԺ արժանապատվությունը կբավարարի, որ մենք ձևավորենք ժամանակավոր հանձնաժողով ու հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում»:

Այսպես շարունակելու դեպքում ԱԺ օրինաստեղծ գործունեությունը կփոխարինվի հանձանժողովաստեղծ գործունեությամբ, ոչ իշխանականների նախաձեռնությունն այսպես բնորոշեց հանրապետական Արտակ Զաքարյանը ու հետաքրքվեց. «Ինչո՞ւ հանձնաժողով ստեղծել, եթե ձեր մատնանշած խնդիրների լուծելու համար կարելի է օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել»:

Առաջարկ ուներ նաև ԱԺ նախագահը. Հովիկ Աբրահամյանը. նախաձեռնողների առաջարկեց  նախագծում ներառված բոլոր հարցերը բաժանել ըստ ոլորտների և ուղարկել պատկան կառույցներին ու լսումներ կազմակերպել։ «Եթե պետք է՝ երկու լսում կազմակերպենք, բոլոր պատկան մարմինների ներկայությունը ես կապահովեմ, որ փորձենք ստանալ բոլոր հարցերի պատախասխանը: Կարծում եմ՝ այս ձևաչափը լավն է, առաջարկում եմ ձեզ՝ որպես հիմնական զեկուցող, գալ համաձայնության և այդ ընթացակարգով աշխատել: Դա թույլ կտա  խուսափել շահարկումներից, որքան էլ էդ բառը չեք սիրում»։

Թե որքանով է այս առաջարկն ընդունելի նախաձեռնողների համար, ցույց կտա վաղը կայանլիք քվեարկությունը:

Back to top button