Քաղաքական

Տեւական դադարից հետո ԱԺ էթիկայի հանձնաժողովը փորձում է կրկին ակտիվանալ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նախորդ շաբաթ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը գումարեց այս նստաշրջանի առաջին նիստը: Այն առաջինն էր նաև հանձնաժողովի նոր ՝ այս նստաշրջանում ձևավորված կազմի համար: Հանձնաժողովի աշխատանքերին դարձյալ չի մասնակցում ՀԱԿ-ը, ինչը նշանակում է, որ այս նստաշրջանում ևս հանձնաժողովի նախագահը տեղակալ չի ունենա: Իսկ նախագահն այս անգամ հանրապետական Հովհաննես Սահակյանն է։

5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի նախագահը հանրապետական Հովհաննես Սահակյանն է, ՀՀԿ-ից հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև Դավիթ Հարությունյանը: ՕԵԿ-ի ներկայացուցիչը Հովհաննես Մարգարյանն է, ԲՀԿ-ինը՝ Վահան Բաբայանը, Դաշնակցությանը՝ Աղվան Վարդանյանը, իսկ «Ժառանգության» ներկայացուցիչը հանձնաժողովում Թևան Պողոսյանն է։

Այս նստաշրջանում ևս, ինչպես նախորդում, հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում ՀԱԿ-ը: Ու քանի որ, ըստ ԱԺ կանոնակարգի, յուրաքանչյուր նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին, ստացվել է այնպես, որ վերջին երեք նստաշրջանների ընթացքում հանձնաժողովը ընդդիմադիր ղեկավար չի ունենում:

ՀԱԿ-ը ներկայացուցիչ չի գործուղում հանձնաժողով օրենսդրական այն փոփոխությունից հետո, որի արդյունքում փոփոխվեց հանձնաժողովի ձևավորման կազմ։ Ըստ մեծամասնության ներկայացուցիչների՝ հանձնաժողովը դարձավ հավասարակշռված, իսկ ըստ ընդդիմադիրների՝ ձևական կառույց: 

Ինչ վերաբերում է հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող գործերին: Նախ՝ օրակարգում դեռ նախորդ նստաշրջանից ժառանգություն մնացած մեկ դիմում կա: Այն, ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի, ներկայացրել են եզդիական երկու կազմակերպություններ՝ պնդելով, թե պատգամավորը լրագրողների հետ զրույցում վիրավորել է եզդիական համայնքին։

Մարտի 17-ին հրավիրված առաջին նիստում էթիկայի հանձնաժողովը 20 օրով հետաձգեց այս դիմումի քննարկումը՝ պատճառաբանությամբ, թե հանձնաժողովը նոր է ձևավորվել, ու ժամանակ է պետք դիմումն ուսումնասիրելու համար: Նույն նիստում հանձնաժողովը վարույթ ընդունեց ևս մեկ ՀՀԿ-ական պատգամավորի՝ Առաքել Մովսիսյանին վերաբերող դիմում: Դեկտեմբերի 23-ի նիստում, գազային համաձայնագրերի քվեարկության ժամանակ, նա վիրավորել էր պաստառներով դահլիճ մտած լրագրողներին: Դիմումը ընդդեմ պատգամավորի ներկայացրել են հենց ԱԺ նսիտերի դահլիճում ակցիան նախաձեռնած լրագրողները։

Էթիկայի հանձնաժողովի առաջին նիստում քննարկվեց և վարույթ ընդունվեց ևս մեկ դիմում, որը բացառիկ է նրանով, որ դիմողը հանձնաժողովի եզրականցությունն է ակնկալում հենց իր գործունեության վերաբերյալ: Դիմումատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նա դիմել է էթիկայի հանձնաժողովին՝ պարզելու համար , թե ինքը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, կարո՞ղ է հասարակական հիմունքներով նախագահել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը:

Նիկոլ Փաշինյանը դիմումի մեջ նշել է, որ առաջարկն արվել է խմբագրակազմի կողմից, իսկ աշխատանքը պիտի իրականացվի հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վճարման: Պատգամավորն ակնկալում է հանձնաժողովի եզրակացությունը մասնավորապես այն հարցի մասին, թե այդ աշխատանքը կարո՞ղ է արդյոք ստեղծագործական գործունեություն համարվել, ինչն իրականացնելու իրավունք պատգամավբորն, ըստ Սահմանադրության, ունի։

Դիմումի ուսումնասիրությունը հանձնարարվել է Աղվան Վարդանյանին: Երբ կգումարվի հանձնաժողովի հաջորդ նիստը, հայտնի չէ:

Նկատենք նաև, որ նախորդ նստաշրջանի ընթացքում հանձնաժողովի աշխատանքը բավականին պասիվ էր. 4-րդ նստաշրջանի ընթացքում էթիկայի հանձնաժողովը հրավիրեց ընդամենը 2 նիստ, ստացավ 2 դիմում: Դրանցից մեկը մերժվեց, մյուսը՝ վարույթ ընդունվեց։ Խոսքը Մանվել Բադեյանին վերաբերող դիմումի մասին է:

Back to top button