Հասարակություն

Ռուսաստանյան բուհեր 2014/15 ուստարում կարող են ընդունվել 208 ՀՀ քաղաքացիներ

Արտակ Բարսեղյան
«Ռադիիոլուր»

Մեր երկրի շուրջ 200 քաղաքացիներ ամեն տարի ստանում են հնարավորություն անվճար ուսուցանել ռուսաստանյան բուհերում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով: Ինչպես այսօր նշեց ՀՀ–ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը այս տարին ևս բացառություն չէ: «Ռուսատանի Դաշնության կառավարության որոշմամբ 2014/15 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված է 208 տեղ ռուսաստանյան կրթական կազմակերպություններում ուսման ընդունելության նպատակով: Կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, առանց քաղաքացիության անձիք և Հայաստանում բնակվող ռուսաստանյան հայրենակիցները»։

Ռուս դիվանագետը հավելեց, որ այս ծրագրի շահառուները կրթություն կստանան ՌԴ տարբեր մասնագիտական բուհերում՝ ըստ ՀՀ-ում առկա կադրերի պահանջարկի: Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել գրացման քարտ՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացչության պաշտոնական կայքում և ուղարկել այն [email protected] էլեկտրոնային հասցեով: Փաստաթղթերը ընդունվում են Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում, ինչպես նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում: «Այս տարի գործում է ընդունելության «մեկ պատուհանի» սկզբուքը: Հայկական կողմի հետ միասին ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ, որը զբաղվում է փաստաթղթերի ընդունմամբ՝ Ռուսաստանում ուսման ընդունելության նպատակով»,- ասաց Մարկ Կալինինը։

 

Հավակնորդների ընտրության հիմնական  չափանիշներ են համարվում «գերազանց» և «լավ» գնահատականներով հիմնական կրթության մասին փաստաթղթի առկայությունը և հիմնական պատրաստվածության համապատասխանությունը ուսման համար ներկայացված ուղղության և մասնագիտության հետ: Տարիքային սահմանափակում չկա: Դիմորդները պետք է անցնեն թեստավորում՝ ռուսերեն լեզվով և համապատասխան առարկաներով, ինչպես նաև հարցազրույց, ինչի հիման վրա աշխատանքային խումբը ընտրություն կկատարի։

Ասպիրանտները պետք է նաև ներկայացնեն ծավալուն ավտոռեֆերատ: Մինչև ապրիլի 15-ը անցած հավակնորդների փաստաթղթերը կուղարկվեն Ռուսաստան: Հատկանշական է, որ դիմորդները կարող են նշել մինչև 6 բուհ:  Հետագայում բուհերը կընտրեն իրենց ապագա ուսանողներին: Ամբողջ գործընթացը կիրականացվի թափանցիկ ընթացակարգով:  Այս ծրագրի արական սեռի ուսանողները կստանան տարկետում՝ ՀՀ ԶՈՒ ծառայությունից։

Back to top button