Հասարակություն

Պետական 22 բուհերից միայն 7- ի ասպիրանտների գիտական թեմաներն են դրամաշնորհի արժանացել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն դեռ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին հայտարարել էր «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության ծրագիր-2013» մրցույթը, որի արդյունքում տրամադրվելու էին դրամաշնորհներ ծրագրի իրականացման ընթացքում Հայատանում բնակվող ասպիրատներին և երիտասարդ հայցորդներին: Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր 99 հայտ:

Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին` գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության հիման վրա էլ կազմվել է գիտական թեմաների նախնական վարկանիշային ցանկը, որի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 28 թեմա: Այսօր շնորհավորելով հաղթողներին՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ Հ-ում գործող  պետական և միջպետական 22բուհերից ընդամենը 7- ի ասպիրատներ են կարողացել մրցանակի արժանանալ:

Ի դեպ` ԿԳ նախարարը հայտնեց, որ անցյալ շաբաթ մի խումբ երիտասարդ գիտնականներ իրենց դժգոհությունն են հայտնել ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման և երիտասարդ գիտնականների խնդիրը բարձրացնելու նպատակով նախարարը դիմել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ շաբաթ հանդիպում կազմակերպել՝ երիտասարդ գիտնականներին հետաքրքրող հարցերին պատասխանելու համար։

Հաշվի առնելով վերջին շրջանում քննարկման լայն առարկա դարձած գիտական թեզերի պաշտպանությունների կարգը և երբեմն դրանց փակ անցկացումը, «Ռադիոլուրը» Գիտպետկոմի ախագահից հետաքրքրվեց, թե ինչու են գիտական հոդվածների պաշտպանությունները անցկացվում փակ, այն դեպքում, երբ դրանց նպատակը գիտական հանրությանը գիտական հայտնագործությունները հասանելի դարձնելն է։ Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Օրենքով փակ չպետք է լինի։ Փակ պաշտպանություն միայն լինում է հատուկ ծրագրերի պարագայում, եթե նրանում կա պետական գաղտնիք»։

Back to top button