Քաղաքական

Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը միայն խորհրդարանում է, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Թեեւ արդեն հայտարարվել է ոչ իշխանական խորհրդարանական 4 ուժերի համագործակցության մասին, բայց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ այդ ուժերի ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն կա: Իսկ մինչ այդ՝ համագործակցությունը ամբողջական չէ: Թեեւ այդ ուժերը արդեն հայտարարում են նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու ցանկության մասին, բայց այսօր արդեն հայտնվել են ուժեր, որոնք կոչ են անում այլընտրանքային ձեւաչափեր ստեղծելու անհրաժեշտության մասին։

Ոչ իշխանական խորհրդարանական 4 ուժերի միջեւ միջկուսակցական համագործակցություն այս պահին չկա, այն առայժմ միայն խորհրդարանի ներսում է, այսօր լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ չորս ուժերի տարաձայնություններից գլխավորը թերեւս կառավարության հրաժարականի պահաջն է, որը «Ժառանգությունում» համարում են փոփոխությունների հասնելու կիսամիջոց: Արդյո՞ք այս համատեքստում հնարավոր է համագործակցության ինչ որ փուլում «Ժառանգությունը» հետ կանգնի նոր ձեւավորվող ձեւաչափից: Հարցի հստակ պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանը չտվեց, փոխարենը` ասաց. «Անհրաժետ է ոչ միայն այս չորս ուժերի, այլ՝ քաղաքական այլ ուժերի, քաղաքացիական այլ նախաձեռնությունների միացումը նույն հրապարակում»։

Այդ նպատակով էլ «Ժառանգությունը» մարտի 28-ին առանձին հավաք է նախաձեռնում «Հանրային նախահավաք» անվանումով: Արդեն, սակայն, պարզ երեւում է, որ քաղաքական դաշտը կրկին միախմբված չի լինելու: Արտախորհրդարանական ուժերին ուղղված կոչին այսօր անդրադարձավ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը` նշելով, որ մեծ համախմբումների դեպքում հակասությունները շատ են:  «Իմ կարծիքով պետք է այս պահին նաեւ այլընտրանքային ձեւադափեր հանդես գան, որի մեջ կարող են մտնել նաեւ այս չորսի մեջ չմտնող ուժեր, եւ թերեւս այդ չորս ուժերից որոշները»։

Նպատակների առումով այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը պարզաբանեց, որ նույնիսկ խորհրդարանական համագործակցության ձեւաչափում չեն քննարկել կառավարության հրաժարականի դեպքում ակնկալվող պորտֆելների հարցը: Ի դեպ` Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ստիպված էր բացահայտել նաեւ «Ժառանգության» տեսակետը այն լուրերի առնչությամբ, թե ԲՀԿ-ի միջոցով Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն է վերադառնալու։  «Ժառանգությունը չի քննարկել այդ հարցը, որովհետեւ քննարկումից դուրս է։ Ժառանգությունը տեսակետ չունի»։

Back to top button