ԿարևորՏնտեսական

Հայաստանում ջրի կառավարման ճգնաժամ է սկսվում, ասում են փորձագետները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մարտի 22-ը  ՄԱԿ-ը հռչակել է Ջրի համաշխարհային օր: Գաղտնիք չէ, որ Հայաստանը համարվում է ջրի մեծ ռեսուրս ունեցող երկիր: Այդ ռեսուսրները, սակայն, անսպառ չեն, ոչ ճիշտ օգտագործման ու կառավարման արդյունքում դրանք կարող են և արդեն խնդիրների առջև են կանգնեցրել մեր երկիրը: Հայաստանին մարտահրավեր է նախապատրաստում նաև հարևան Թուրքիան՝ միայն Արաքս գետի վրա 4 ջրամբար կառուցելով:

Փոքր ՀԷԿ-երի կառուցում, ձկնային տնտեսությունների ակտիվ զարգացում, խորքային անհամար հորեր, որոնք և ժառանգություն էին մնացել խորհրդային տարիներից, նրանց  վերջին տարիներին նաև նոր հորեր գումարվեցին, արդյունքում՝ ջրային անսպառ ռեսուրսներով հայտնի Հայաստանը՝ մասնավորապես Արարատյան դաշտը լուրջ վտանգի առջև է: Մինչ ամբողջ աշխարհում արդեն 21-րդ տարին է Ջրի համաշխարհային օրն են նշում, հայ մասնագետները շարունակում են տագնապ հնչեցնել, միաժամանկ, այսպես ասենք, տոնական օրը չխաթարելու  համար, որոշ ձեռքբերումներ մատնանշել:

ՄԻնչ այդ, սակայն, այն մասին, թե ինչ ունենք: Ընդամենը  մի քանի օր առաջ ներկայացված հետազոտության տվյալներով՝ Արարատի ու Արմավիրի մարզերի շուրջ 40 համայնք ջրի անսպառ ռեսուրս ունեցող մեր երկրում ջրի խնդիր ունի, Մեծամորի ատոմակայանի հովացման համար նույնպես ջրերը չեն բավականացնում: Նվազագույնը՝ ինը մետր, առավելագույնը 15 մետր նվազել է Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մակարդակը:

Սա միակ մարտահրավերը չէ։ Հարևան Թուրքիան մեկ այլ մարտահրավեր էլ է նախապատրաստում հայերիս համար՝ միայն Արաքս գետի վրա 4 ջրամբար կառուցելով: Սպասվող մարտահրավերի  մասին մասնագետն է բարձրաձայնում, և միաժամանակ տագնապ հչեցնում: «Մենք այժմ այլ միջոցառումներ էլ ենք փնտրում, որ  կարողանանք դիմայակել։ Եթե ժամանակին չկարողանանք միջոցառումներ ձեռնարկել, ապա մեր ջրային բալանսը կկրճատվի 75-80 տոկոսով: 50 հազար հա վրա ջրասակավություն  կունենանք Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզերում»,- ասում է  «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը։Ըստ նրա՝ միայն ջրամբարներ կառուցելը քիչ է։

Ստեղծված իրավիճակի պատճառի համար թե որ պաշտոնյա պետք է հրաժարական տա, բնապահպանության նախարարության Ջրային ռեսուսրների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը չգիտի, գիտի, սակայն, որ նման իրավիճակում նաև Ֆրանսիան էր հայտնվել։ Պաշտոնյան նշում է, որ Խորհրդային Միությունից օժիտ են ստացել ապօրինի հորեր, այժմ դրանք կոնսերվացվում կամ լուծարվում են։ «Մենք բոլորս ենք պատասխանատու, մենք բոլորս միահամուռ ուժերով պետք է այդ վիճակից դուրս գանք»,- ասում է։

2002 թ Հայաստանում ընդունվեց Ջրային օրենսգիրքն ու հաստատվեց Ջրի ազգային ծրագիրը, հիմք դրվեց ոլորտի բարեփոխումներին, ստեղծվեցին հիմնական կառույցները՝ Ջրային պետական կոմիտեն, Ջրային ռեսուսրների կառավարման գործակալությունը, սպառողին անապակ ջուր հասցնելու առաքելությունն էլ դրվեց   ֆրանսիական առաջատար օպերատորների ուսերին։ Նրանցիցի մեկը հերթական, գուցե և ոչ հաճելի, անակնակալն է պատրաստվում մատուցել իր սպառողներին:  «Երևան Ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝  2014-2015 թթ-ի ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման համար առաջարկվող սակագների ճշգրտման առաջարկով։

Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտը բավարարի, ապա հուլիսից մայրաքաղաքում ջրի սակագինը կարող է բարձրանալ 8 դրամով։ Միաժամանակ՝ ընկերությունը նշել է, որ եթե տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը կրկին բարձրանա,ապա  իրենք կրկին հայտ ու նոր հաշվարկ կներկայացնեն: Մինչ այդ՝ ընկերությունը Երևանում փորձում է շուրջօրյա ջրամատակարարում ապահովել։

«Ազգայն ջրային համագործակցություն» հկ նախագահ Արևիկ  Հովսեփյանը կարծում է, որ Հայաստանում ջրի կառավարման ճգնաժամ է սկսվում: Ջրերն աղտոտված են, ոչ ռացիոնալ են օգտագործվում, այժմ ջրերն ավելի աղտոտված են, քան՝ տասը տարի առաջ։ Սա իր բացատրությունն ունի։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց,  գործարանները փակվեցին, աղտոտված ջրեր գրեթե չկային, այժմ, սակայն, աստիճանաբար  պատկերը փոխվում է։ «Աստված մինչև այսօր մեզ պահում է: Այդ Աստծո հույսն է, որ մենք այսօր մաքուր ջուր ունենք:  Պատկերացրեց, եթե մենք ունենայինք ոչ թե ստորերկրյա աղյուրներից, այլ գետերից, մենք այսօր խմելու ջուր չէինք ունենա, որովհետև մենք չենք մաքրում, հնարավորություն չունենք»,- ասում է։

Փորձագետը հիշեցնում  ու հորդորում է՝ ջուրը պետք է խնայել,  Հայաստանում ջրային ռեսուրսները շատ են, բայց՝  ոչ անսպառ:  «Ջրային ռեսուրսները պետք է կարողանանք սանձել, ամբարել , պահպանել ու  փոխանցել ապագա սերունդներին», ասում է Ջրային պետական կոմիտեի աշխատակազմ ղեկավար Մհեր Մկրտումյանը։ Տեսակետը  կիսում է նաև  բնապահպանության նախարարության Ջրային ռեսուսրների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը:

Back to top button