Հասարակություն

«Թալիշստանի ձայն»-ը մեկ տարեկան է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի և «Modus vivendi» կենտրոնի նախաձեռնությամբ ուղիղ մեկ տարի առաջ Շուշիից սկսվեց «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը: Հիմնական թիրախն Ադրբեջանում բնակվող մոտ մեկ ու կես միլիոն թալիշներն էին: «Մեկ տարվա ընթացքում ռադիոկայանը կարողացավ դառնալ թալիշ ժողովրդի մշակութային ու քաղաքական խոսափողը՝ նպաստելով այս ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը»,-այսօր վստահեցրել են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն ու «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գևորգյանը: Նրանց համոզմամբ՝ Ադրբեջանում բնակվող էթնիկ ժողովուրդների, այդ թվում թալիշների ազգային ինքնագիտակցության բարձրացումն այս երկրի ռազմական նկրտումները զսպելու լավագույն գործիքներից մեկն է:

«Թալիշստանի ձայնն», ըստ էության, առաջին ռադիոկայանն է թալիշերեն լեզվով՝ բացառությամբ Իրանում գործող ռադիոկայանի, որն անդրադառնում է միայն կրոնական թեմաների: Ադրբեջանում թալիշները զրկված են և ռադիոյից և հեռուստատեսությունից, չնայած այս երկրում ավելի քան 1.5 միլիոն թալիշ է ապրում: Շուշիից «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի հեռարձակումը սկսվեց մեկ տարի առաջ: Մեկ տարվա ընթացքում ավելի քան կես միլիոն դիտում: «Թալիշստանի ձայնն» այսօր մեծ ժողովրդականություն է վայելում ողջ թալիշ ժողովրդի շրջանում: «Այն դարձել է այս ժողովրդի մշակութային ու քաղաքական խոսափողը՝ նպաստելով նրա ազգային ինքնագիտակցության բարձրացմանը»,-ասում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:

«Հայերս տարածաշրջանում առաքելություն ունենք: Մենք պետք է պաշտպանենք ազգային այն փոքրամասնությունների իրավունքները, որոնք զրկված են պետությունից»,-ասում է Գառնիկ Ասատրյանը: Գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված թալիշական ռադիոն նպաստել է, ոչ միայն թալիշների, այլև Ադրբեջանի մյուս էթնիկ փոքրամասնությունների ազգային ինքնագիտակցության բարձրացմանը: Ըստ ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գևորգյանի՝ այդ մասին են վկայում «Թալիշստանի ձայն»-ի ստացած բազմաթիվ արձագանքները: Նրա պնդմամբ՝ այս ռադիոկայանի բացմամբ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Ադրբեջանում մտածողության միանգամայն նոր մոտեցումներ են ձևավորվում:

Ադրբեջանի ռազմական նկրտումները զսպելու առումով բանախոսները սա ծանրակշիռ գործոն են համարում: «Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծեկլու դեպքում Ադրբեջանի ներսում գործընթացներն անկանխատեսելի զարգացուներ կարող են ունենալ: Թալիշական պետության ստեղծումն այդ իրավիճակում խիստ իրատեսական են համարում: Գառնիկ Գևորգյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ցանկացած լուրջ ցնցում և հատկապես պատերազմը, կարող են հանգեցնել երկրի մասնատմանը:

Back to top button