Հասարակություն

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապա՝ առատ տեղումներ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մարտի 23-ը նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը: Այս տոնը նշվում է դեռևս 1961 թվականից, սակայն մենք` հայերս,  այն նշում ենք 2004-ից: Ամեն տարի համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն ընտրում է կարգախոս:  Այս տարի ընտրել է  «Եղանակը և կլիման,   երիտասարդության ներգրավածությունն այդ աշխատանքներին»  խորագիրը: Կանաչապատման ծավալների մեծացում և մթնոլորտում վտանգավոր գազերի նվազեցում, այս խնդիրները նախևառաջ  պետք է հասարակությունը, հատկապես երիտասարդությունը,  լուծի, քանի որ այս փոփոխություններն էլ իրենց ազդեցությունը կունենան տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, այսօր ասել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

Եթե չհաշվենք դեկտեմբերին դիտված  ցրտերը, այս տարի սուր եղանակային պայմաններ չեն դիտվել, ասում  է ԱԻՆ  Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը և վստահեցնում, որ  այս տարվա մարտը չարդարացրեց իր խորհրդանշական գիժ որակումը. առայժմ համեմատաբար գարնանը հատուկ եղանակ է։

Ինչքան շուտ է ծաղկում ծիրանենին, այնքան ցրտահարության ռիսկերը մեծանում են, սակայն հանգստացնենք գյուղատնտեսներին: Առաջիկայում հանրապետությունում  ցուրտ եղանակային պայմաններ չեն սպասվում: Արարատյան դաշտի համար այդ ռիսկայնությունը պահպանվում է մինչև ապրիլի կեսերը, իսկ առաջիկա 5 օրերի ընթացքում  կդիտվի առանց տեղումների եղանակ: Առանց տեղումների եղանակը կպահպանվի միչև մարտի 27-ը, իսկ արդեն ամսվա վերջին,  օդերևութաբանական կանխատեսումների համաձայն,  հանրապետությունում կգրանցվեն առատ տեղումներ: 

Ապրիլի կանխատեսումները դեռ չկան, սակայն Զարուհի Պետրոսյանը նշեց, որ  այդ ամիսը ամպամածությամբ առատ ամիս է և միջին հաշվարկով  ապրիլին 1-ից 4 օր է  դիտվում պարզ երկինք։ «Հուսանք,  որ այս տարի ապրիլն առանձնապես չի առանձնանա իր բացասական կողմերով: 2004 թվականին դիտված ցրտահարությունը չի կրկնվի և հուսանք, որ այս տարի կունենանք առատ բերք»,- ասում է օդերեւութաբանը։

Տարվա այս եղանակը կարևոր է գյուղատնտեսության համար և հույս կա,  որ այս տարին եղանակային  անակնկալներ  չի մատուցի մեր գյուղատնտեսներին։

Back to top button