ԿարևորՄշակույթ

Մենք առաջին հնգյակում կհայտնվենք. ԱրամMP3- ը «Եվրատեսիլ 2014»- ի մասին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/200314AramMP3.mp3

Արամ MP3- ն իր վոկալով և երաժշտական յուրահատուկ ճաշակով աչքի էր ընկնում դեռևս հեռուստատեսային հումորային հաղորդումներում` նմանակելով այս կամ այն հայտնի երգիչ- երգչուհուն: Կատարումները վարպետորեն էին հնչում և գերազանց ընդունվում ոչ միայն հեռուստադիտողների ու հանդիսատեսի, այլև երաժշտական մեկնաբանների, քննադատների, անգամ փորձառու երաժիշտների կողմից: Ահա և արդյունքը.  Արամ MP3- ը հայկական եռագույնը կներկայացնի այս տարվա «Եվրատեսիլում» Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:

Հետևելով բոլոր Եվրատեսիլներում հաղթող երկրների ներկայացրած երգերին` կարելի է եզրահանգել, որ առաջնահերթությունը տրվում է մտապահվող երգ գումարած շոու զուգակցմանը: Արդեն հայտնի է Արամ MP3- ի երգը. Nօt alone» ( «Դու մենակ չես»):  Երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Արամ MP3-ը, խոսքերի  հեղինակը` Գարիկ Պապոյանը, երգը գործիքավորել է  Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Եվրոպական տարբեր երկրներից մեր երգի վերաբերյալ շնորհավորանքներն անպակաս են, ասում է պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյան։ Նա այսօր է վերադարձել  Եվրատեսիլի պատվիրակության ղեկավարների կոպենհագենյան ժողովից, որտեղ  տարբեր երկրների ներկայացուցիչներ բարձրաձայնել են մեր երկրի հաղթանակի հավանակության մասին։

Եվրատեսիլի այս տարվա  հայաստանյան տեսահոլովակը նաև  մեծ արձագանքներ է ունեցել համացանցում: Youtube-ում 5 օրում այն ունեցել է  ավելի քան 750 հազար դիտում: Բացի այդ՝ միջազգային բուքմեյքերական  ընկերություններն առաջին հորիզոնականում տեսնում են մեր մասնակցի ներկայացրած երգը: Եվրատեսիլին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները դեռ շատ են, այնուամենայնիվ՝  այս տարի հայաստանյան պատվիրակությունը հաղթանակի շունչ է զգում: «Նայելով այժմ բույմեյքերական ընկերությունների գործակիցներին և բոլոր արձագանքներին, որոնք ստանում ենք Եվրոպայից, ինձ թվում է, որ մենք առաջին հնգյակում կհայտնվենք»,- ասում է Արամ MP3- ը։

Նորվեգիա, Շվեդիա, Հունգարիա:. այս երկրների հետ է  իր պայքարը տեսնում Արամ MP3: Այս տարի 37 երկրների մասնակիցների ներկայացրած երգերի գերակշիռ մասը բալլադային ստեղծագործություններն են։

Մարտի 27-ից կսկսվի այսպես ասած պրոմո-տուրը և կավարտվի ապրիլի 21-ին: Ապրիլի 5-ին Ամստերդամում Եվրատեսիլին ընդառաջ կկայանա մեծ  համերգ, որտեղ Արամ MP3- ը կենդանի կատարմամբ առաջին անգամ կներկայացնի երգը: Ապրիլի 13-ին էլ նման համերգ կկայանա Անգլիայում: Դրանից հետո Արամը Vitamin ակումբի տղաների հետ միասին   համերգներով հանդես կգա ռուսաստանյան և եվրոպական տարբեր քաղաքներում։

Back to top button