Հասարակություն

Երջանկության 10 պատվիրանները. Հայաստանը դժբախտ երկրների մեջ զիջում է միայն Զիմբաբվեին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր երջանկության միջազգային օրն է, սակայն ասել, թե Հայաստանում այս տոնը առանձնահատուկ է նշվում, չափազանցություն կլինի, քանի որ Հայաստանը երջանկության վարկանիշով անգամ չի գտնվում առաջին 50 երկրների շարքում: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ` հայերին չի հաջողվում երջանիկ լինել, և աշխարհի դժբախտ ազգերի շարքում Հայաստանը զիջում է միայն Զիմբաբվեին: «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի կողմից հարցված 65000 հայաստանցիներից ընդամենը 10- են նշել, որ իրենց լիարժեք երջանիկ են զգում: Սոցիոլոգը նաև հայտնեց, որ ամեն ազգ երջանկության իր չափանիշն ունի, հետևաբար՝ երջանկությունը յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում։

Նրա խոսքով՝ Հայաստանում անգամ կնոջ և տղամարդու երջանկության չափանիշերն են տարբեր: Կնոջ համար երջանկության գագաթնակետը մայրանալն է, իսկ տղամարդու համար ընտանիք հայր լինելն ու այն կառավարելը։ Մեզ մոտ երջանկությունը ավանդապաշտության համ ու հոտ ունի և հայերը հաճախ զոհաբերում են իրենց անհատական երջանկությունը ընտանիքի բարօրության համար:

Ահարոն Ադիբեկյանի տեղեկացմամբ` ամենաերջանիկ մարդիկ ապրում են Կարիբյան կղզիներում, քանի որ նրանց պահանջները ցածր են, դրանց բավարարման մակարդակը՝ բարձր:

Վերջապես՝ ի՞նչ է երջանկությունը։ ՄԱԿ- ը այն սահմանում է 10 պատվիրաններում.

  1. Մտածել մյուսների մասին,
  2. Շփվել մարդկանց հետ,
  3. Զբաղվել սպորտով,
  4. Ուսումնասիրել շրջակա աշխարհը,
  5. Բաց լինել նորությունների համար,
  6. Նպատակ ունենալ,
  7. Չհուսալքվել անհաջողությունից,
  8. Ամեն ինչում դրականը փնտրել,
  9. Համերաշխ լինել սեփական անձի հետ,
  10. Ձգտել դառնալ որևէ մեծ բանի մի մասնիկը։

Պահպանեք այս պատվիրանները եւ եղեք երջանիկ։

 

Back to top button