Հասարակություն

Բուդաղյանի գործը կարող է հասնել ՄԻԵԴ, ասում է փաստաբանը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013 թ. հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, հնարավոր է հասնի մինչեւ Եվրոպական դատարան, այսօր լրագրողներին ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը` ցավով արձանագրելով. սա այն գործերից է, որոնց ճակատագիրը դատական սուբյեկտներից կախված չէ։ Սակայն փաստաբանը շարունակում է տարբեր հայցերով դիմել դատարաններ։

Հայկ Ալումյանի  հայցերից մեկը Վերաքննիչ քրեական դատարանը կքննի վաղը: Իսկ մինչ այդ փաստաբանն անդրադարձավ մի շարք լրատվամիջոցներին տված Սուրիկ Խաչատրյանի վերջին հարցազրույցին։ Հայկ Ալումյանը պնդում է, որ Սուրիկ Խաչատրյանի շատ ասածները հեռու են իրականությունից եւ հակասում են նույնիսկ հենց Սուրիկ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքներին: Օրինակ` հարցազրույցում նա ասել է, որ իր ավտոմեքենայում Ավետիք Բուդաղյանը ծեծի չի ենթարկվել, մինչդեռ իր ցուցմունքում ընդունել է, որ Բուդաղյանին ծեծել է թիկնապահը:

Հայկ Ալումյանի համար կասկածելի է նաեւ Սուրիկ Խաչատրյանի պարզաբանումները, թե ինչու է անտեղյակ եղել իր տան բակում տեղի ունեցող դեպքերից: Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով շրջանառվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի անունները: Իսկ սպանության պատճառները, ըստ Բուդաղյանների փաստաբանի, եղել են տնտեսական հարցերը։

Back to top button