ԿարևորՔաղաքական

ԱԱԽ քարտուղար. Անվտանգ ու կայուն Հարավային Կովկասը կարեւոր է բոլորի համար

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այսօր մեկնարկել է երկօրյա միջազգային համաժողով` «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս` ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» խորագրով: Համաժողովում քննարկվելու են Հարավային Կովկասի եւ հարեւան պետությունների անվտանգությանը վերաբերող կարեւոր հարցեր` շուրջ մեկ տասնյակ երկրից ժամանած փորձագետների ու հետազոտողների մասնակցությամբ: Համաժողովը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի ֆինանսական օժանդակությամբ: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաեւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հարավային Կովկասում ներկայումս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը հիմնականում կայուն է, սակայն` մտահոգիչ դինամիկ փոփոխություններով: Սա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի գնահատականն է:

«Չկարգավորված հակամարտությունների առկայությունը, դրանից բխող բացասական հետեւանքները, այդ հակամարտությունների հնարավոր ակտիվացումը լուրջ սպառնալիք են հանդիսանում մեր տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` վերջին 1.5 տասնամյակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունն էական առաջընթաց է գրանցել: Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ Հայաստանի համար կարեւոր է ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցությունը, քանի որ Հայաստանը հանդիսանում է տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության ջանքերին աջակցող երկիր:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ունեն հեռանկարներ` համոզմունք հայտնեց Արթուր Բաղդասարյանը` մատնանշելով ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերությամբ հաջողությամբ իրականացված ծրագրերն ու ապագայի համար նախատեսվածները, մասնավորապես` ահաբեկչության եւ կիբերահաբեկչության ոլորտներում: Անվտանգության խորհրդի քարտուղարը նկատեց, որ ՆԱՏՕ-ի պատվիրակությունները, որոնք պարբերաբար այցելել են Հայաստան` արձանագրել են նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում իրականացնելու փաստը: ՆԱՏՕ-ի փորձագետների հետ համատեղ աշխատանքը հնարավորություն է տալիս ոչ միայն ամփոփելու կատարված աշխատանքները, ալեւ` արձանագրելու ապագայի գործունեության հետ կապված կոնկրետ խնդիրներ ու միջոցառումներ` շեշտեց Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ նաեւ տարածաշրջանի խնդիրներին` շեշտելով, որ Հայաստանը հանդես է գալիս դրանք փոխընդունելի փոխզիջումներով կարգավորելու օգտին, ինչն ավելի կարեւոր է, քան անխոհեմ առճակատումը: Այս համատեքստում Արթուր Բաղադասարյանն անդրադարձավ հարեւանների հետ հարաբերությունների խնդրին: Թուքիայի մասով.«Ցավոք չենք տեսնում գործնական քայլեր Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու ուղղությամբ, բայց մենք շարունակում ենք հստակ մոտեցման շարադրումը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու եւ առաջ գնալու, որովհետեւ սա է ապագայի ճանապարհը»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին: Հայաստանը կողմ է խաղաղ, ինչպես նաեւ` փոխընդունելի փոխզիջումներով խնդրի կարգավորմանը: Ինչպես Թուրքիայի, այնպես էլ այս պարագայում գնդակն Ադրեբջանի դաշտում է, քանի որ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակություն չեն ունենում անընդհատ փոփոխվող դիրքորոշումների հետեւանքով` հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղարը:

Մինչդեռ անվտանգ ու կայուն Հարավային Կովկասը կարեւոր է բոլորի համար` թեման եզրափակեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը:

Թե ինչ դեր կարող են եւ պետք է ունենան եվրոատլանտյան կառույցները անվտանգության ապահովման ու տարածաշրջանային կայունության համար, ինչպիսի համագործակցության հեռանկարներ ու զարգացման ուղղություններ կարող են լինել` թերեւս երկօրյա համաժողովին մասնակից փորձագետների ու հետազոտողների ելույթներից հետո հնարավոր լինի որոշակիորեն ամփոփել:

Back to top button