Ադրբեջանահայերի խնդրի անավարտ քննարկումը


Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
«Ադրբեջանահայ փախստականները 26 տարի ժամանակավոր կացարանում. սոցիալական եւ քաղաքական մեկուսացում» թեմայով հրավիրված քննարկումն այսօր, կարելի է ասել, վերածվել էր բողոքի ակցիայի: 26 տարի հանրակացարանում եւ շատ վատ պայմաններում ապրած ու այլեւս լռելու ուժ չունեցող փախստականները պարզապես թույլ չեն տվել ասուլիսի հրավիրվածներին իրենց տեսակետը փոխանցել լրագրողներին: Փախստականներին նույնիսկ չի հանդարտացրել քննարկման առցանց հեռարձակման փաստը և կազմակերպիչների հորդոր-խնդրանքը՝ խոսել առանձին-առանձին: Ամեն ինչ ավարտվել է, երբ «Ընդդեմ իրավական կամայականության» Հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանն ու ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արագած Ախոյանը պարզապես դուրս են եկալ մամուլի սրահից:
26 տարի առաջ Հայաստանն ընդունեց ադրբեջանահայ 360 հազար փախստական: Տարիների ընթացքում այդպես էլ չլուծվեց նրանց մեծ մասի կեցության խնդիրը, ասաց Բաքվեցի համերկրացիների միության նախագահ Ռոբերտ Խաչատրյանը: Մենք համոզված ենք, որ սա իշխանությունների կողմից հատուկ ծրագրված քաղաքականություն է, այն դեպքում, երբ խնդրի լուծման համար դոնոր երկրները բավականին մեծ գումարներ են ուղարկել, հավելեց:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը նախ հորդորեց փախստական եզրույթը փոխարինել բռնի տարհանվածով, ապա նշեց, որ խնդիրն այսօր առկա է, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ բռնի տարհանվածների հարցը Հայաստանը չի դրել համար առաջին տեղում իր քաղաքական օրակարգում:
«Ադրբեջանում իրենց փախստականների խնդիրը դրված է փոխվարչապետի մակարդակով, այնինչ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը գնաց սխալ ուղղությամբ՝ փախստականների խնդիրը կոծկելու, լուծված համարելու ուղղությամբ, ինչը սխալ էր»:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արագած Ախոյանն իր խոսքում նշեց, որ իշխանությունների խնդիրը եղել է փախստականներին ոչ թե ինտեգրելու, այլ մեկուսացնելու մեջ: Ըստ նրա՝ այսօր նույն սխալները կրկնում ենք սիրիահայերի հետ:
Բերելով Ֆրանսիայի օրինակը՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ փոխստականների կեցության խնդիրը դժար լուծելի է նույնիսկ հարուստ պետությունների համար, եւ թող տպավորություն չստեղծվի, թե Հայաստանը ոչինչ չի արել բռնի տարհանվածների համար: Լարիսա Ալավերդյանի այս խոսքերն առաջացրեցին ասուլիսին ներկա ադրբեջանահայերի ցասումը եւ առանց իրար լսելու նրանք սկսեցին մեղադրանքներ հնչեցնել բանախոսների, Հայաստանի եւ իշխանությունների հասցեին: Նրանք գոռում էին, բողոքում, որ այլեւս դիմանալու ուժ չունեն, որ հայերն ադրբեջանցիներից ավելի վատ վարվեցին իրենց հետ:
Ասուլիսի կազմակերպիչները եւ անձամբ Լարիսա Ալավերդյանն սկսեցին ներկաներին բացատրել, որ այս կերպ խնդիրը չի լուծվի եւ լուծողներն իրենք չեն, այնուամենայնիվ աղմուկ աղաղակը չդադարեց, բանախոսները՝ Լարիսա Ալավերդյանն ու Արագած Ախոյանը պարզապես դուրս եկան սրահից՝քննարկումը կիսատ թողնելով։