Քաղաքական

Քառյակը պայմանավորվեց կառավարությանն անվստահություն հայտնելու շուրջ

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը որոշել են ստորագրահավաք սկսել ու ապրիլի 28- ին սկսվող քառօրյայի ընթացքում քննարկման առարկա դարձնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը.  ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունն» այս որոշմանը հանգել են այսօրվա հերթական հանդիպումից հետո: Ամփոփելով դրա արդյունքները՝  ՀԱԿ խմբակցության ղեկավարն այն արդյունավետ ու հագեցած  է գնահատել: Լևոն Զուրաբյանն ասել  է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը 4 ուժերը դիտարկում են որպես հասարակությանը համախմբելու միջոց և նոր գործընթացի սկիզբ: «Քանի որ հասկանում ենք, որ սա գործընթացի սկիզբ է, որոշել ենք մշակել սոցիալ-տնտեսական և քաղաքական քայլերի ծրագիր: Խոսքն այն քայլերի մասին է, որոնք պետք է իրագործի Հայաստանի որևէ կառավարություն երկիրն այս վիճակից հանելու համար»:

Նշենք նաև, որ  այսօրվա նիստում քննարկվել է նաև  «Դեմ եմ» նախաձեռնության  մարտի 22-ին   հանրահավաքին մասնակցելու հարցը: Չորս ուժերը   նաև որոշել են  մարտի 24- ի քառօրյայի ժամանակ արտահերթ ընթացակարգով քննարկել ևս մի   ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Այն, ըստ Լևոն Զուրաբյանի,  պետք է ուսումնասիրի հարկային թաքնված բեռի բարձրացման հարցը: Խոսքը, 2012-2013 թթ. ընթացքում կառավարության ու քաղաքապետարանի կողմից սահմանված  այն տուրքերի ու տուգանքների մասին է `արագաչափեր, ուղեվարձի թանկացում,  վճարովի ավտոկայանտեղեր, որոնք  մեծացրել են քաղաքացիների հարկային բեռը:  

Ցուցադրել ավելի
Back to top button