ԿարևորՔաղաքական

Վ.Բոստանջյան. «ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ չեն լինի»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը տնտեսական իրողությունների առումով ներկայումս չի գտնվում լավագույն տիրույթում: Այս կարծիքն է այսօր լրագրողների հետ հանդիպման շամանակ հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա գնահատմամբ, սակայն, պոտենցիալ հնարավորությունները, որ ունի Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշակիորեն օգտագործել` այսօրվա ինտեգրացիոն գործընթացներում գրավելով ոչ վատ տեղ:

Հանգրվանելով Մաքսային միությունում Հայաստանն, ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի, ի զորու կլինի իր պոտենցիալ հնարավորություններն առավել բարձր մակարդակով օգտագործելու: Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու արդյունքում գների հնարավոր բարձրացումների վերաբերյալ կանխատեսումներին` Բոստանջյանն ասաց, թե ինքը համեմատական վերլուծություն չի կատարի, քանի որ «հասկանում է, թե ով որտեղ է ծառայում եւ ինչի է ծառայում»:

Բանախոսն ասաց, թե նրանք վառ գույներով են նկարագրում այն, ինչը որ չկա ու հնարավոր է որ չլինի:
Բոստանջյանը նկատեց, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը գտնվել է մեկ անվտանգության համակարգում եւ այսօր էլ նույն համակարգում է շարունակում մնալ: Տնտեսագետի գնահատմամբ` մեր երկրում գոյություն ունեցող արտադրական կուլտուրայի պայմաններում հնարավոր է գոնե տեսանելի ապագայում ստեղծածը իրացնել միայն այնպիսի անհատակ շուկաներում, ինչպիսիք են ՌԴ-ի եւ Մաքսային միության շուկաները:

Եվրոպա մենք արտահանում ենք հանքահումքային նյութեր, ինչը մեզ համար ցանկալի չէ եւ բնականաբար չի երեւում հեռանկար, որ կունենանք առաջընթաց: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներ, ժողովրդական արժեքներ հասկացություններին, ապա դրանք, Վարդան Բոստանջյանի ձեւակերպմամբ, միգուցե լավ են, բայց դրանք շատ հարաբերական կատեգորիաներ են եւ ոմանք կախվել են դրանցից ու պոկ չեն գալիս: Բոստանջյանն ասաց, թե չի մերժում այդ կատեգորիաները, սակայն` տեսնում է, թե ինչպես են դրանց ջատագովները դրանք կիրառում տարբեր ստանդարտներով` իրենց նպատակներին հասնելու համար:

Վարդան Բոստանջյանը համոզված է, որ ինտեգրացման առումով Հայաստանը նոր որակ կունենա, որովհետեւ դա ժամանակների պահանջ է եւ կախված չէ ոչ ՄՄ-ից, ոչ ԵՄ-ից: Անդրադառնալով ուկրաինական զարգացումների արդյունքում Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցներին եւ Հայաստանի վրա դրանց ազդեցությանը վերաբերող հարցին` Բոստանջյանը համոզմունք հայտնեց, որ պատժամիջոցներ չեն լինի, քանի որ պատժամիջոց կիրառողները դրանով առաջին հերթին իրենց են վտանգելու: Ցանկացած սանկցիա բումերանգ է եւ առաջին հերթին հարվածելու է արձակողին: Այդ մասին հայտարարություններն էլ, ըստ Վարդան Բոստանջյանի, քաղաքական նպատակ ունեն, քանի որ Ղրիմի զարգացումներից հետո չկա այլընտրանք:

Ցուցադրել ավելի
Back to top button