Մշակույթ

Վաղվանից կրկին մեծ էկրան կբարձրանա «Չեզոք գոտին»

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Արցախյան պատերազմի մասին պատմող «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 2013 թվականի հունիսին: Ֆիլմի ցուցադրությունը, սակայն, կինոթատրոնում շարունակվեց ընդամենը մեկ շաբաթ:  Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն պատմում է արցախյան պատերազմի մասին: Ֆիլմի ռեժիսորն է Արտակ Զիլֆիմյանը, սյուժեի եւ սցենարի հեղինակներն են Լուսինե Մանուկյանը եւ Նվեր Գալստյանը: Ֆիլմը նկարահանվել է  Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ պաշտպանության նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ:

Թեև ֆիլմը նկարահանվել է Տավուշի մարզի Այգեձոր գյուղում, Հայաստանում շատ քչերն են դիտել կամ ծանոթ ֆիլմին: Այն հիմնականում ցուցադրվել է արտերկրում և նկարահանող անձնակազմի սեփական միջոցներով, լրագրողների հետ զրույցում նշեց Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Նվեր Գալստյանը։  «Չեզոք գոտի» մարտաֆիլմը քարոզում է հավատարմություն, ընկերասիրություն, հայրենասիրություն: Միացյալ Նահանգներում այն ցուցադրվել է ընդամենը 1 օր, բայց արդեն իսկ հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից, նշեց «Լոս Անջելես փրոդաքշնի» տնօրեն Վիկ Միրզոյանը։

«Ռադիոլուրի» հարցին, թե ինչու ֆիլմն այդպես էլ չունեցավ պետական հովանավորություն և աջակցություն, Նվեր Գալստյանը պատասխանեց, որ դիմել են բազմաթիվ անգամներ, սակայն պատասխան որևէ կառույցից այդպես էլ չեն ստացել: Պատճառներից մեկն ու ամենագլխավորն այն էր, որ ֆիլմը նկարահանվեց Հայաստանի համար շատ խառը ժամանակահատվածում: Պետությունը զբաղված էր նախագահական ընտրություններով։

Նշենք, որ ֆիլմը դարձյալ կբարձրանա մեծ էկրան մարտի 20-27-ը: Այն կցուցադրվի «Դալմա գարդեն մոլլ»- ի «Սինեմա սթար Արմենիայում» կինոդահլիճում։

Ցուցադրել ավելի
Back to top button