Հասարակություն

Սեւանից հավելյալ ջրառը տարակարծությունների տեղիք է տալիս

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու հարցում կառավարության ու բնապահպանական կազմակերպությունների մոտեցումները կրկին չեն համընկնում. գործադիրն առաջարկում է ավելացնել լճից բաց թողնվող ջրի ծավալը և թույալտրելի սահմանաչափն  առաջիկա 5 տարիներին դարձնել  240 մլն խորանարդ մետր: Փոփոխության անհրաժեշտությունը կառավարությունը հիմանավորում է Արարատյան դաշտի սակավաջրությամբ և նշում, որ ջրի լրացուցիչ ծավալներն անհրաժեշտ են գյուղատնտեսական հողերի ոռուգման համար: Բնապահպանական կազմակերպություններին անհանգստացնում է խնդրի էկոլոգիական կողմը: Նրանք համոզված են, որ հավելյալ ջրառը աղետալի հետևանքներ կունենա Սևանի համար: Թեման այսօր քննարկվել է խորհրդարանական լսումների ժամանակ:

Ոռոգման նպատակով Սևանից բաց թողնվող ջրի ծավալն առաջիկա 5 տարիների ընթացքում թույլատրելիից  70 մլն խմ-ով ավելացնելու անհրաժեշտությունը  գործադիրը սակավաջրությամբ է հիմնավորում. Արարատյան դաշտում ոռոգման ջրի դեֆիցիտ կա՝ թեմայի շուրջ հրավիրված լսումների ժամանակ այսօր հայտարարեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։ «Արարատյան հարթավայրում ոռոգման համակարգերն ունեն ջրի դեֆիցիտ: Խոսքը հատկապես Էջմիածին, Արմավիր, Մասիս եռանկյունու մասին է՝ մոտ 30 համայնք, 8 հազար հեկտար ոռոգելի հողեր»։

Դեֆիցիտը լրացնելուն ուղղված միջոցառումները, ըստ Անդրանիկ Անդրեասյանի, անհրաժեշտ արդյունք չեն տվել ու կարիք կա դիմելու Սևանի օգնությանը: Ի դեպ՝ երրորդ անգամ է, որ կառավարությունը Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը լուծելու համար ապավինում է Սևանի օգնությանը:

Ի տարբերություն նախորդ դեպքերի՝ այս անգամ օրենսդրական նախաձեռնությունը առաջիկա 5 տարիներին է վերաբերում: Հետաքրքրող հիմնական հարցը մեկն էր՝ ի՞նչի արդյուքնում է Արարատյան դաշտում ջրի դեֆիցիտ առաջացել: Հարցը մասնավորապես ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանին էր հետաքրքրում։ «Երաշտային տարիներ կարծես թե չենք ունեցել, ինչի՞ արդյունքում է առաջացել այս իրավիճակը, մասնագիտական գնահատականներ, վերլուծություն ունե՞ք»։

«Կարող եմ ասել՝ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել արտեզյան ջրավազանում: Վերջնական պատասխան, թե այդ փոփոխությունը որ մասով  է բնական, որ մասով՝ արհեստական, դեռ չունենք։ Վերլուծությունները հիմա էլ կատարվում են»,- ասաց Անդրանիկ Անդրեասյանը։

Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, որ չի արել. հարցին պատասխանելով՝  Ջրպետկոմի նախագահը նշեց, թե հնարավոր բոլոր միջոցառումներն արվել են, բայց իրավիճակը չեն փոխել և Սևանի օգնության կարիքը կա: Կառավարության հիմնական փաստարկներից մեկն էլ այն է, որ Սևանի մակարդակի բարձրացման ծրագիրն իրականացվել է առաջանցիկ տեմպերով. նախորդ 10 տարիների ընթացքում նախատեսված 3 մետր բարձրացման փոխարեն լճի մակարդակը, ըստ Անդրեասյանի, մոտ 4 մետրով է բարձրացել։ «Այսինքն՝ օրենքով ֆիքսված ծրագիրը գերակատարված է: Սա չեմ ասում, որ հիմք է Սևանի օգնությանը դիմելու համար, բայց արգումենտ է»։

Հենց Սևանից օգնություն ստանալու հարցն էլ մտահոգում է բնապահպաններին: Նրանք համոզված են, որ օգնությունը Սևանին  է պետք և ոչ թե հակառակը: Սևանի էկոհամակարգն անհավասարակշիռ վիճակում է: Որոշ ցուցանիշներ բարելավվել են, մյուսները՝ խիստ վատացել:  Արդյունքում՝ լիճը կորցնում է  այն ցուցանիշները, որոնցով եզակի էր համարվում՝ գնահատականը երկրորդ գումարման խորհրդարանի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադևոսյանինն է, ով նաև  2001-ին ընդունված «Սևանի մասին» օրենքի համահեղիանկներից է։

«Էկոլուրի» նախագահ Ինգա Զառաֆյանն էլ որքան մտահոգված, նույնքան զարմացած է: «Միշտ մեր վեճը ծավալվում է Ջրպետկոմի հետ, իսկ բնապահպանության նախարարությունը, որն ուղիղ պատասխանատվություն է կրում Սևանի համար և պետք է պաշտպանի այն, չի երևում։ Նրա ձայնը մենք չենք լսում կամ լսում ենք շատ կամաց: Ես կոչ եմ անում, որ նախարարությունն իր ձայնը բարձրացնի ոչ թե բիզնես շահերի, ջրօգտագործողների շահերը, այլ Սևանը պաշտպանելու համար»։

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հայտարարեց, որ օրինագծին նախարարությունն իր համաձայնությունը տվել է՝  պնդելով այն նախապայմանը, որ հավելյալ ջրառը Սևանում բացասական հաշվեկշիռ չառաջացնի: Իր այս մոտեցումով  նախարարությունը, ինչպես Արամ Հարությունյանն ասաց,  փորձում է բալանսավորել իրավիճակը, որ և գյուղատնետոսությունն ու տնտեսվարողը չտուժեն, և Սևանը չվտանգվի։

Ցուցադրել ավելի
Back to top button