Հասարակություն

Շտապօգնության արդիականացման ծրագրերը շարունակվում են

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ կառավարությունը 2010 թվականին շտապօգնությունը արդիականացնելու որոշում ընդունեց, որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Պետական բյուջեի բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ ծրագրով ձեռք են բերվել ժամանակակից սարքավորումներով հագեցված մեքենաներ: Նախատեսվում է այդ մեքենաները համալրել հայկական արտադրության պլանշետներով , որի միջոցով բրիգադները կարող են ծանոթանալ հիվանդի բժշկական պատմությանը:

Անկախության տարիներից սկսած շտապօգնության ծառայությունն ունեցել է, թե՛ մասնագետների, թե՛ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ: Սակայն այսօր այս ծառայությունում խնդիրների գերակշիռ մասը կարելի է լուծված համարել: Դրա մասին է փաստում առողջապահության նախարարության 2010 թվականի ծառայության արդիականացման ծրագիրը , որի շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր: Ձեռք են բերվել շտապօգնության մեքենաներ, որոնք հատկացվել են Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Տավուշի, Սյունիքի և Արագածոտնի մարզերի 6 բժշկական հաստատություններին: 2011 թվականին էլ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը մեր հանրապետությանն է նվիրաբերել 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապօգնության մեքենա` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով:

Չնայած տրանսպորտային միջոցների ապահովվածությանը` Հայաստանի շատ ու շատ մարզերի շտապօգնության ծառայությունում, ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանի խոսքով, դեռևս նոր մեքենաների հետ մեկտեղ օգտագործվում են նաև խորհրդային տարիներից ժառանգածները:

Սակայն նորանոր սարքավորումները չեն փրկի մարդկային կյանքեր, եթե չլինեն իրենց գործում գիտակ մասնագետները: Շտապօգնության ծառայությունում ընդգրկված 209 բժիշկները, 363 բուժքույրերն ու 359 վարորդները վերապատրաստվել են առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրերով: 2013 թվականին գրանցվել է 23.հազար կանչ, որը 2012-ի հետ համեմատ աճել է 3 հազարով: Այս թվերը խոսում են ծառայության որակի և մատչելիության մասին, ասում են ոլորտի պատասխանատուները: Այսօր ընդհանուր կանչերի քանակի 12 տոկոսը կազմում են մանկական կանչերը, որոնցից 5 տոկոսը հոսպիտալացվել է: Երեխաների բժշկական օգնությունը բարելավելու հարցում ոլորտը վերահսկողները ևս քայլեր ձեռնարկում են:

«Մենք շտապօգնության ունեցած մարդկային ներուժից, որի 33 -ը բազային կրթության մանկաբույժներ են, իրենցով Երևանում և մարզերում պետք է ձևավորենք մանկաբուժական բրիգադներ, որոնք անհրաժեշտության դեպքում կիրականացնեն և մանկաբուժական կանչեր, և եթե լինեն կանչեր դրանից դուրս կաշխատեն որպես սովորական բրիգադներ»:

Շտապօգնության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կողմից մշակվել ու ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող որոշակի հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ անհետաձգելի օգնության կազմակերպման ախտորոշիչ և բուժական միջամտությունների 16 ուղեցույցներ:

Արդիականացման ծրագրերը շարունակվելու են: Նախատեսվում է շտապօգնության մեքենաները համալրել ժամանակակից տեխնոլոգիաներով: Մեքենաները կհագեցվեն հայկական արտադրության պլանշետներով, որոնց միջոցով բրիգադները կստանան կանչի թերիկի էլեկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում կարող են ծանոթանալ նաև հիվանդի բժկական պատմությանը: Լսենք առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանին:

«Լոկատոր» ՓԲ նախագծի ղեկավար Սևակ Մինասյանի տեղեկացմամբ էլ շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի ներդրումն էլ կհեշտացնի և արդյունավետ կդարձնի ծառայության աշխատանքները: Համակարգը կլուծի տեղեկատվության արագ փոխանցումը:
Իսկ արդեն ծառայության մեքենաներում ներդրված GPS ծրագիրը հնարավորություն է տալիս առցանց ռեժիմում ստանալ տեղեկատվություն ՇՕ մեքենաների գտնվելու վայրի, շարժի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button