ԿարևորՔաղաքական

ԼՂՀ վարչապետ. Միջազգային հանրությունը կճանաչի նաեւ Արցախի ինքնորոշումը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այս փուլում Արցախի համար ճանաչել-չճանաչելու հարցն այնքան էլ կարևոր չէ, առավել կարևոր է «ճիշտ պետական շինարարությունը,ճիշտ երկիր կառուցելը»,- հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում՝ պատասխանելով գյուղացիների հարցերին, թե ինչու Ղրիմը կարող է հանրաքվեով միանալ Ռուսաստանին, իսկ ԼՂՀ –ում անցկացված հանրաքվեի արդյունքները չեն ճանաչվում։ 

Շահումյանի շրջանի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում երեկ ավելի շատ խոսվում էր տնտեսական և սոցիալական խնդիրների մասին։ Վարչապետ Արա Հարությունյանի խոսքով՝ դա վկայում է նրա մասին, որ ժողովուրդը զարգացման նպատակով կատարված քայլերի շնորհիվ վստահություն է ձեռքբերել Նոր Շահումյանի շրջանի քաղաքական ճակատագրի հանդեպ։

Հակառակ շրջանում իրականացված քայերին՝ այսօր էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Ամենակարևորների թվում ենթակառուցվածներն են և բնակիչների սոցիալ- կենցաղային պայմանները: Նոր վերաբնակներին չեն կարողանում ընդունել բնակպայմանների պատճառով: Նոր Գետաշենի համայնքի ղեկավար Ալեքսանդր Նազարյանի խոսքով՝ բնակարանը երիտասարդների ընտանիք կազմելու հիմնական խոչընդոտներից է:

Հարցը միայն Շահումյանի շրջանի գյուղերում չէ օրախնդիր: ԼՂՀ վարչապետի խոսքով՝ նոր բնակարանային ծրագրեր են նախատեսվում: Արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ, նաև պետական դրամաշնորհներ կստանան գյուղերում նոր տուն կառուցողները։ Այս ծրագիրը նաև Շահումյանի շրջանում է իրագործվելու։

Շրջանի զարգացման համար նոր հեռանկարներ Վարդենիս- Մարտակերտ մայրուղին և Վարդենիս- Հաթերք բարձրավոլտ էլեկտարմատակարաման գիծն են ապահովելու: Երկու նախագծերն էլ, որ կարևոր են երկու հայկական հանրապետությունների համար, շրջանի բնակչության համար նաև զուտ կենցաղային նշանակության հարցեր են լուծելու։ Շահումյանի շրջանը, որտեղ այսօր կայուն էլեկտրամատակարումը խնդիր է, առաջիկայում ինքն է էլեկտրամատակարման աղբյուր դառնալու։ Մարտակերտ- Վարդենիս մայրուղու շինարարությանը զուգահեռ նաև մեկ այլ ճանապարհ է կառուցվելու, որը Վարդենիսի շրջանին է կապելու Քարվաճառ քաղաքը շրջակա գյուղերով։ 

Շահումյանի շրջանում այսօր ապրողների մեծ մասը նախկին Շահումյանի և Գետաշենի շրջանի գյուղերից են, այստեղ բնավորվել են վերադարձի հույսը սրտում: Ցանկացած իրադարձություն, որ Արցախի քաղաքական ճակատագրի հետ կարող է առնչություն ունենալ, այստեղ այլ կերպ են ընդունում`ինչո՞ւ մյուսների ինքնորոշումը ճանաչում են, մերը` ոչ: Թեմայի շուրջ խոսելու առիթն այս անգամ Ղրիմում կատարվածն էր: «Մենք շարունակում ենք աշխատանքները, քաղաքական կոնսուլտացիանները Արցախի ճանաչման ուղղությամբ: Ժամանակը կգա և միջազգային հանրությունը կճանաչի և Արցախի ինքնորոշումը, և նրա անկախ պետականությունը».- քսաներկու տարի առաջ իրենց հայրենի գյուղերը լքած գետաշենցիների հետ զրույցում ասաց Արցախի վարչապետը։

Արա Հարությունյանի կարծիքով՝ այսօր ամենակարևորը ուժի գործոնն է, և Արցախի այսօրվա ստատուս-քվեն և զարգացումները պայմանավորված են բանակի մարտունակությամբ և երկրի տնտեսական զարգացմամբ: «Պետք է մտածենք մեր երկրի զարգացման մասին»,- ասել է Արցախի կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ հարցի քաղաքական լուծումը կախված է լինելու դրանից։

Back to top button