Հասարակություն

Գյումրիում առկա է հումանիտար ճգնաժամ, ասում է Շիրակի կենտրոնի ղեկավարը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Գյումրիի բնակչության 18-20 տոկոսը դեռևս մնում է անօթևան, այսօր Երևանում հայտարարել է «Քաղաքական մշակույթի և համաձայնությունների  զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: Ըստ նրա՝ աղետալի երկրաշարժից ավելի քան քառորդ դար անց քաղաքում առկա է հումանիտար ճգնաժամ։

1988-ի դեկտեմբերյան աղետի վերքերը դեռ չեն սպիացել Գյումրիում: Գյումրեցիների մի մասը դեռևս անօթևան է: Մինչև վերջերս նրանցից շատերը հուսով էին, որ վիճակը կշտկվի, նշեց «Քաղաքական մշակույթի և համաձայնությունների  զարգացման «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը։ Հայաստանի ամենամեծ հիմնախնդիրը Գյումրին է, փաստեց ՀԿ ղեկավարը: Այստեղ բնակվող 4500 ընտանիք շարունակում են ապրել ծայրահեղ ծանր սոցիալական և կենցաղային պայմաններում՝ շուրջ 3700 շարքից դուրս եկած «դոմիկներում»  և վթարային վիճակում գտնվող հանրակացարաններում: Գրեթե չեն ստեղծվել նոր աշխատատեղեր։

Անօթևանների մի զգալի մասը հաշվառված չէ բնակարան ստանալու հերթացուցակում, հայտնեց Վահան Թումասյանը: Ըստ նրա՝ հերթագրումը կատարվել է մինչև 2008 թվականը և փաստացի շուրջ 1500 ընտանիք դուրս է մնացել և պետությունը նրանց հանդեպ որևէ պարտավորություն չունի։ Անօթևանների շրջանում արձանագրվում է հումանիտար ճգնաժամ, ինչը ազդում է և քաղաքի վրա:

Մոտ 400 ընտանիքի մերժել են նոր բնակարան ստանալու հարցում՝ կառավարության կողմից սահմանված չափանշներին չհամապատասխանելու, փաստաթղթային հիմքերի բացակայության պատճառով: «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահը հավելեց, որ անօթևանները զրկված են սոցիալական արտոնություններից։

Back to top button