Քաղաքական

Համադրելի՞ են Ղրիմի եւ Արցախի հիմնախնդիրները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Իրադարձությունները խոսում են նրա մասին, որ Ռուսաստանը վերագտել է իրեն եւ դիրքերն է վերագրավում տարածաշրջանում, այսօր հայտարարեց «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Մանասյանը։ Եվրոպան չի գնա կտրուկ սացրումների, կարծում է Մանասյանը: Ըստ նրա` ԱՄՆ-ն էլ Ղրիմի հարցով խոսելու անհաջող լեզու է ընտրել` առաջ մղելով մի բանաձեւ, թե ԱՄՆ-ն երբեք չի ճանաչի Ղրիմի հանրաքվեն, մինչդեռ` Ռուսաստանի` «դեմ ենք տեռորիզմին» բանաձեւն ավելի ընկալելի է:

Եթե խնդիրը դիտարկում են երկու քաղաքակրթությունների բախման տեսանկյունից, ապա, ըստ բանախոսի, արեւմտյան քաղաքակրթությունը Ղրիմի հարցով իրեն չդրսեւորեց ավելի ճկուն:  

Ի տարբերություն քաղաքական վերլուծաբանի՝ թեմային անդրադառնալով՝ մշակույթի գործիչները նախեւառաջ հիշատակում են ԼՂՀ խնդրը եւ կարծիք հայտնում, որ մենք ուկրաինական զարգացումների վերաբերյալ միակողմանի տեղեկություններ ենք լսում։

Արտավազդ Բայաթյանիը հիիշեցնում է, որ ղարաբաղյան շարժումը ժամանակին նույն Ռուսաստանը ներկայացնում էր որպես էքստրեմիստների արկածախնդրություն: Ամեն դեպքում՝ Բայաթյանը կարծում է, որ մենք Ղրիմի հանրաքվեն պիտի հարգենք, այլ բան էլ չենք կարող անել, միաժամանակ` մեր քաղաքական միտքը պիտի որոշի մեկ բան` ինչ կարող ենք ունենալ մենք դրանից։

Գրեթե նույնպիսի տեսակետ հայտնեցին նաեւ Ռուբեն Բաբայանն ու Ֆերդինանդ Առաքելյանը: Ռուբեն Բաբայանը, սակայն, կարծում է, որ Ղրիմ-Ղարաբաղ համեմատությունը տեղին եւ կոռեկտ չէ: Նա նաեւ անհանգստություն հայտնեց. «Երբ աշխարհում խիստ բեւեռացում է տեղի ունենում՝ մենք ահավոր տուժում ենք»։ Ամեն դեպքում, ըստ մշակույթի գործիչների, պետք է ընդունել այն, ինչը բխում է մեր շահերից` չկրկնելու համար նախկին սխալները: Այս առումով նրանք ճիշտ են համարում պաշտոնական Երեւանի այսօրվա տեսակետը։

Ղարաբաղյան հակամարտության վրա Ղրիմի զարգացումների հնարավոր ազդեցության առումով Ալեքսանդր Մանասյանն այլ կարծիքի էր: Ըստ նրա` չպետք է ամենեւին էլ մտածել, թե դեպքերի այս կամ այն կերպ ընթանալը կարող է միանշանակորեն պայմանավորել ԼՂ հակամարտության այս կամ այն կերպ լուծումը։ Հետեւաբար՝ պետք չէ զուր տեղը հույս տածել եւ միշտ պետք է պատրաստ լինել դեպքերի այլ ընթացքի, հավելեց վերլուծաբանը: Ըստ Ալեքսանդր Մանասյանի` Մինսկի խմբի համանախագահները Ղրիմից հետո էլ կեցվածք կընդունեն, թե` իբր ոչինչ էլ չի պատահել:

Ալեքսանդր Մանասյանի կարծիքով` գործընթացը նոր է սկսվել եւ ամեն ինչ խոսում է նրա մասին, որ գտնվում ենք բեկման կետում, սակայն չի կարծում, թե Ղրիմի խնդիրը կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի: Աշխարհի ուժեղները խելագար չեն, որ պատերազմ սկսեն, եզրափակեց վերլուծաբանը։

Ցուցադրել ավելի
Back to top button