Քաղաքական

Կսահմանափակվի՞ դատարանի նախագահի լիազորությունների ժամկետը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Նախորդ քառօրյայի ընթացքում խորհրդարանը քննարկեց օրենսդրական մի փաթեթ, որը, արդարադատության նախարարի խոսքով, գալիս է լուծելու   դատական համակարգում առկա խնդիրներից հիմնականները: Խոսքը Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին է:  Օրենսդրական փաթեթը խորհրդարանում քննարկվել է, բայց դեռ չի քվեարկվել: Իսկ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են մի քանի սկզբունքային հարցերի ՝ դատավորների պաշտոնավարման ժամկետին, վճռաբեկ բողոքների ներկայացման չափորոշիչներին, նաև դատարաններում գործերի բաշխման նոր համակարգին:

Նախորդ տարվա ընթացքում իրավական բառապաշարը հարստացավ նոր տերմինով, իսկ դատական իրականությունը ՝ նոր երևույթով : Խոսքը դատադուլի մասին է, որին որպես բողոքի ծայրահեղ միջոցի դիմեցին փաստաբանները՝  չներկայանալով դատական նիստերին: Այս ձևով արտահայտվում էր  փաստաբանական համայնքի բողոքը Վճռաբեկ դատարանի գործունեության անկանխատեսելիության դեմ։

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի  գնահատականով, առաջին հերթին  փորձելու են լուծել  այս խնդիրը: «Առաջինը, որ մենք սահմանում ենք, վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջներն են»։

Դրանք, ըստ նախարարի, հնարավորինս հստակեցվում են։ Մասնավորապես՝ վճռաբեկ բողոքում պետք է մանրամասն հիմնավորվի տվյալ գործը վարույթ ընդունելու հիմքերի առկայությունը։ Վճռաբեկ դատարանն իր հերթին  պետք է նշի, թե բողոքն ինչ հիմքով է  ընդունել վարույթ։ Հրայր Թովմասյանի կարծիքով՝ այս սահմանումներն ավելի կանխատեսելի կդարձնեն Վճռաբեկ դատարանի գործունեությունը: Նորամուծություններից մեկն էլ այն է, որ վարույթ ընդունված բողոքները պետք է տեղադրվեն պաշտոնական կայքում: «Այն բոլոր դիմումները, որոնք վարույթ են ընդունվելու, պետք է դառնան հանրության սեփականությունը: Այդ կերպ փաստաբանները հնարավորություն կունենան հասկանալու, թե որոնք էին հիմքերը, ինչպես էր ձևակերպված հիմնավորված բողոքը, որ վարույթ ընդունվեց»։

Սրանով էլ կկանխվի այն գնահատականը, թե Վճռաբեկը միատեսակություն չի ապահովում,  նույնաբնույթ  գործերից մեկով բողոքն ընդունում է վարույթ, մյուսով՝ չի ընդունում: Փորձեցինք պարզել հենց փաստաբանների վերաբերմունքը: Նրանց մի մասը, ի դեպ, առաջարկվող փոփոխություններին մանրամասն ծանոթանալ դեռ չի հասցրել, մյուսները, ովքեր ծանոթացել են, կարծում են, որ փոփոխությունը կբարելավի փաստաբաններ- Վճռաբեկ դատարան հարաբերությունները: Նրանց թվում է նաև փաստաբան Կարեն Մեժլումյանը: Նա կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները որոշակիացնում են պահանջները, բայց շատ բան կախված է լինելու հանգամանքից, թե ինչպես կկիրառվեն դրանք։ «Չափանիշներ են սահմանվում թե բողոք բերողի, թե Վճռաբեկի համար:  Եթե կիրառվեն այնպես, ինչպես գրված է, կարծում եմ ՝ բավարար է»։

Օրենսդրական փաթեթով առաջարկվող մյուս նորամուծությունը վերաբերում է դատարանների նախագահների պաշտոնավարման ժամկետին: Գործող օրենսդրությունը նրանց  պաշտոնավարման ժամկետի որևէ սահմանափակում չի նախատեսում, ավելի ստույգ ՝ սահմանում է, որ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարին լրանալը: Այժմ առաջարկվում է առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի նախագահների պաշտոնավարումը սահմանափակել  4  տարի ժամկետով:  Նշվում է նաև , որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարանների գործող նախագահները պաշտոնավարելու են մինչև 2015 թ. հունվարի 1-ը, որից հետո պետք է վերանշանակվեն։

Փաստաբանները փոփոխությունը դատական համակարգի համար էական չեն համարում: Մեզ հետ զրույցում փաստաբաններից Հայկ Ալումյանը սա դեկորատիվ փոփոխություն համարեց։ «Ինձ համար ակհնայտ չէր այդ փոփոխության անհրաժեշտությունը: Ես դա դեկորատիվ բնույթի փոփոխություն կհամարեի: Մեզանում ընդունված է ինքնանպատակ փոփոխություններ անել»:

Փոխարենը՝ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը 4 տարի սահմանելը խնդրահարույց է համարում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։ «Սա հարց է, որն իմ կարծիքով խնդիր ունի Սահմանադրության հետ: Հիմնական հարցը հետևյալն է՝ իրավուքն ունի՞ Ազգային ժողովն այդ աստիճան մխրճվել հանարապետության նախագահի լիազորությունների մեջ»: Դավիթ Հարությունյանը նկատի ունի սահմանադրական այն նորմը, համաձայն որի՝ դատարանի նախագահներին  և նրանց լիազորությունները արդարադատության խորհրդի առաջարկությամբ դադարեցնում է հանրապետության նախագահը: 

Նախագիծը, ըստ նրա,  իրավական այլ եղանակ է առաջարկում: Հենց այս կետում է  հանրապետական պատգամավորի և կառավարության տարակարծությունը, որը լուծելու համար Հարությունյանն առաջարկում է դիմել Վենետիկի հանձնաժողովին։ «Նախագծի այս մասը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով և կարծում եմ, մինչև երկրորդ ընթերցմամբ քնննարկումը պետք է սպասենք այդ եզրակացությանը»։

Ցուցադրել ավելի
Back to top button