ԿարևորՀասարակություն

ԿԳ նախարարը չի բացառել, որ մոտ ապագայում ճարտարագիտական համալսարանը միանա ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի որոշ բաժանմունքներ ու ծանոթացել հիվանդանոցի վերանորոգված բաժանմունքներում ժամանակակից պայմաններին ու սարքավորումներին: Նա նշել է, որ համալսարանը զարգացման ճիշտ ուղու վրա է և դրա շնորհիվ է, որ ունի մեծ պոտենցյալ ավելացնելու նաև արտասահմանցի ուսանողների քանակը: Նախարարն ավելի ուշ անդրադարձել է նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականին և չի բացառել, որ մոտ ապագայում ճարտարագիտական համալսարանը միանա ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանին ու դառնա մեկ ընդհանուր պոլիտեխնիկ, ինչպիսին եղել է 20 տարի առաջ:

Հնարավոր չէ պատրաստել որակյալ բժիշկ առանց բժշկական պրակտիկայի ու առանց հիվանդի հետ շփման: Հետևաբար Երևանի պետական բժշկական համալսարանը հատուկ ուշադրություն է հատկացնում ուսումնական և բժշկական գործընթացների համատեղմանը: Որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով` համալսարանի ջանքերով վերանորոգվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի որոշ բաժանմունքներ, որոնք բացի բուժական նշանակությունից նաև ուսումնական նշանակություն ունեն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելելով հիվանդանոց և շրջելով վերանորոգված բաժանմունքներում, բարձր գնահատեց կատարված աշխատանքն ու նշեց, որ ապագա բժիշկները պետք է կրթվեն ու մեծանան հիվանդի անկողնու մոտ:

«Պայմանները բավականին արժանավայել են երիտասարդ բժիշկների կրթման համար, ինչպես նաև հիվանդների համար լավ միջավայր է ստեղծված որպեսզի նրանք կարողանան այստեղ նաև իրենց առողջական խնդիրները լուծել»:

Կարևորելով կլինիկական մասնագիտությունների դասավանդումը բարձր կուրսերում`համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը նշեց, որ այդ նպատակով վերանորոգվել են նաև մի շարք լսարաններ: Ամենամեծ ձեռքբերումը, սակայն, ռեկտորը համարում է սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումը: «Այս շենքում է տեղադրվելու սիմուլյացիոն կենտորնը, հուսով եմ, որ նոր ուսումնական տարվանից արդեն կսկսվի կենտրոնի կառուցումը»:

Լագրողների խնդրանքով ԿԳ նախարարն անդրադարձավ նաև Արա Ավետիսյանի հրաժարականի դիմումին և նշեց, որ երեկվանից արդեն ընթացք է տվել: Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Թոքմաջյանը:

«Տարբեր բուհերում տարբեր խնդիրներ լինում են, որևէ սենսացիա այս փաստի մեջ չենք փնտրում և ձեզ էլ խորհուրդ կտանք չփնտրել: Նախկին ռեկտորը ամենայն հավանականությամբ որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ այդ ցանկությունները վերածելու աշխատանքի: Նախկին ռեկտորը մնում է կրթության և գիտության համակարգում, նաև ԳԱԱ անդամ է և դասավանդում է ԵՊՀ-ում: Պարոն Թոքմաջյանը այսօրվանից կղեկավարի պոլիտեխնիկը, մինչև սահմանված կարգով հայտարարվեն ընտրություններ, մրցույթը կայանա և բուհ-ի խորհուրդն ընտրի նոր ռեկտոր»:

Այս պահին թափուր է նաև ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը: Այստեղ էլ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված պրոռեկտորներից մեկը: Թե ովքեր կնշանակվեն բուհերի ռեկտորներ, դեռ վաղ է խոսել, բայց ԿԳ նախարարը չի բացառում, որ մոտ ապագայում այդ բուհերը կարող են վերամիավորվել, ինչի արդյունքում կունենանք միասնական պոլիտեխնիկ, ինչպիսին եղել է շուրջ 20 տարիի առաջ` Խորհրդային Միության տարիներին:

Ցուցադրել ավելի
Back to top button