ԿարևորՔաղաքական

ԼՂՀ ԱԺ. Տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ԼՂՀ ԱԺ խումբ- խմբակցություններն այսօր համատեղ հայտարարւոթյուն են ընդունել Ղրիմի անկախության հանրաքվեի վերաբերյալ:  Արցախցի խորհրդարանականների կարծիքով` Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն դարձավ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ևս մեկ նախադեպ,  որով հերթական անգամ հաստատվեց,  որ միջազգային իրավունքում պետության տարածքային ամբողջականությունը գերակա չէ ժողովրդի ազատ կամարտահայտության նկատմամբ։

Ողջունելով Ղրիմի ժողովրդին  պատմական հնարավորությունը իրացնելու առթիվ՝ ԼՂՀ ԱԺ քաղաքական ուժերը եւ պատգամավորական խումբը տեղին են համարել հիշեցնել,  որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն արտահայտել է 1991թ. դեկտեմբերի 10-ին՝ վճռական խոսք ասելով հօգուտ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, և դա վերահաստատել 2006թ. դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքերով։

Հաշվի առնելով անկախության հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ հարաբերությունների կարգավորումը ձգձգելու դառը փորձը՝ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խումբը կոչ են անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները,  որպեսզի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը կարգավորի բացարձակապես խաղաղ միջոցներով, փոխադարձ հարգանքի հիման վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button