Հասարակություն

Թբիլիսիից Երևան կբերեն ավելի երիտասարդ` Բունկա անունով փղին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Երևանի կենդանաբանական այգու միակ փղին` Գրանդին,  հաջորդ ամիս կհանձնեն Թբիլիսիի կենդանաբանական այգուն` հնարավորություն տալով այնտեղ սերունդ ունենալ: Սակայն, ի ուրախություն մանուկների, մեր կենդանաբանական այգին առանց փղի չի մնա. Թբիլիսիից էլ Երևան կբերեն ավելի երիտասարդ` Բունկա անունով փղին:

Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որի թեկնածու անդամ են Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգիները,  գտել է այս երկու այգիներում փղերի միայնության հարցի լուծումը:  Երևանի Գրանդ փիղը կտեղափոխվի Թբիլիսի, իսկ Թբլիսիի Բունկա փիղը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի:  Թբիլիսիի կենդանաբանական այգում կա եվս մեկ փիղ` Բունկայի մայրը, ում հետ միասին կլինի Գրանդ փիղը:

«Այսպիսով հնարավորություն կստեղծվի  փղերի նոր սերունդ ունենալ:  Իսկ Բունկան, որը կտեղափոխվի Երևան, վեց տարեկան է և նրա այն շրջանն է, որ պետք է հեռու լինի մորից»,-«Ռադիոլուրին» ասաց Թբիլիսիի կենդանաբանական այգու մամուլի հարցերով պատասխանատու Մզիա Շարաշիձեն:

Ըստ նրա, Գրանդ փիղն ունի ժանիքների հետ կապված լուրջ խնդիր և Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան հանձնարարել է Թբիլիսիիում անհապաղ վիրահատել այն:  Ժանիքները լինելով շատ մոտ լնդերին վտանգ են սպառնում նույնիսկ փղի կյանքին:

«Ամռանն արդեն ծրագրված է այդ վիրահատությունը, որի  համար հատուկ Լոնդոնից Թբիլիսի կժամանի ատամնաբույժ Պիտեր Կերտեզը, ով հայտնի է  բազմաթիվ կենդանիների հաջող վիրահատություններով: Այժմ մենք պատրաստվում ենք, որպեսզի այդ վիրահատական միջամտությամբ փրկենք փղի կյանքը»:

Նշեմ, որ Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցացիան (EAZA), որը զբաղվում է հիշյալ հարցերի կարգավորմամբ, նպատակ ունի  նպաստել Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվիարումների համագործակցությանը, կենդանատեսակների պահպանմանը:  Ասոցացիայի անդամ այգիները պարտավոր են հետևել եվրոպական այս ասոցացիայի օրենքներին, չափանիշերին ու կենդանիների բնակեցման և խնամքի նվազագույն չափանիշերին:  Թբիլիսի կենդանաբանական այգին, որը խորհրդային միությունում ստեղծված առաջին այգիներից մեկն է, երկու տարի հետո կդառնա ասոցացիայի լիարժեք անդամ:

Ցուցադրել ավելի
Back to top button