Մշակույթ

Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը՝ այսօր

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին` ժամը 12:00-14:00, Կոնդի Սուրբ Հովհաննես
եկեղեցում, հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում, տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Տաղանդավոր բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Կոստանտինի Հովհաննիսյանը վախճանվել է մարտի 16-ին, կյանքի 75-րդ տարում,
երկարատև ու ծանր հիվանդությունից հետո:

Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1963թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատանքային
գործունեություն է սկսել Իջևանի ժողովրդական թատրոնում մինչև 1967թ.: 1967-1969թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական թատրոնում: 1969-1986թթ. բեմադրություններ է իրականացրել Երևանի դրամատիկական թատրոնում (ներկայիս Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում): 1986թ. հիմնադրել է «Նորք» թատրոն-ստուդիան, որը առաջին ոչ պետական թատրոնն էր մշակութային դաշտում, և մնաց թատրոնի անփոփոխ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը մինչև իր կյանքի վերջը: Նա «Նորք» թատրոնում բեմադրեց շուրջ 10 ներկայացում, որոնցից ամենաակնառուն «Կիլիկիո
արքան» ներկայացումն էր:

Մեծ է Արտաշես Հովհաննիսյանի ավանդը հայ թատրոնի զարգացման գործում: Առաջիններից մեկն էր, ում շնորհիվ ժողովրդական թատրոնը և ինքնագործ արվեստը նոր որակի բարձրացվեց: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ, որոնցից են Ա. Պետրոսյանի «Ամազոններ», Պ. Շաֆֆերի «Մթին պատմություն», Ժան Անուի «Տորեադորների վալսը» պիեսները: Արտաշես Հովհաննիսյանին հատկապես մեծ ճանաչում բերեց Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի բեմականացումը, որի համար 1984թ. արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Կյանքի վերջին տարիներին Արտաշես Հովհաննիսյանը հիմնել և ղեկավարել է Թեքեյան թատերախումբը: Տարբեր տարիների բեմադրություններ է իրականացրել նաև Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում: Համագործակցել է Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, որով սկիզբ է դրվել համատեղ բեմադրությունների ավանդույթին:

Բեղմնավոր է եղել նաև Արտաշես Հովհաննիսյանի մանկավարժական գործունեությունը: 25 տարի անընդմեջ դասավանդել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, ապա` համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում, որտեղ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2005թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում:

Ցուցադրել ավելի
Back to top button