ԿարևորՀասարակություն

Սևանա լճի ջրերի կառավարմամբ զբաղվում է Ջրպետկոմը. բնապահպանները բողոքում են

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մարտի 19-ին Ազգային ժողովում լսումներ կկազմակերպվեն Սևանա լճից լրացուցիչ ջրառ նախատեսող օրինագծի շուրջ:  Խորհրդարանական լսումների նախօրեին օրինագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն ու անհամաձայնությունն են ներկայացրել բնապահպանական հասարակական կազմակերպությունները։ Նրանց գնահատականներով ՝ օրենքով թույլատրելի սահմանաչափից ավելի ջրառը  սպառնում է լճի էկոհամակարգին, նաև  հակասում  « Սևանա լճի  մասին» օրենքի պահանջներին:  Այս գնահատականները փորձագետները հիմնավորել են վերլուծություններով, իսկ մտահոգությունները ձևակերպել նամակով, որն Էկոլոգիական դաշինքի մաս կազմող մի քանի տասնյակ կազմակերպություններն ուղղել են հանրապետության նախագահին:  Նրանք  Սերժ Սարգսյանին առաջարկում են քաղաքական կամք դրսևորել ու կասեցնել երկու ծրագրերի իրականացումը,  իսկ հասարակական կառույցներին հորդորում են միանալ իրենց պահանջին:

Սևանին առնչվող երկու փաստաթղերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը, նոր մարտահրավեր են լճի էկոհամակարգի համար, համոզված են բնապահպանական  հասարակական կազմակերպությունները: Մտահոգիչ փաստաթղթերից մեկն օրինագիծն է, որով կառավարությունն առաջարկում է առաջիկա հինգ տարիների ընթացքում  Սևանա լճից ջրառն ավելացնել 70 միլիոն խմ-ով, այսինքն՝  լճից ջրի բացթողնման օրենքով նախատեսված  սահամանչափը ՝ 170 միլիոն խորանարդ մետրը,  դարձնել 240 միլիոն:

Բնապահպաններին մտահոգող երկրորդ փաստաթուղթը  ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրն է, որը կրկին արժանացել է կառավարության հավանությանը, իսկ էկոլոգիական կազմակերպություններին առավել քան վտանգավոր է թվում: «Ես կոչ եմ անում բոլոր հասարակական կազմակերպություններին բողոքի ձայն բարձրացնել, պայքարել, որ այս երկու փաստաթղթերն էլ խորհրդարանում չանցնեն»,- կոչ է անում ԱԺ սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նաև «Սևանա լճի մասին» օրենքի համահեղինակ Գագիկ Թադևոսյանը։

Նա այսօր ներկայացնում էր այն հիմնավորումները, որոնցով առաջնորդվելով էլ մասնագետներն ու  բնապահպաններն   անընդունելի են համարում  երկու ծրագրերը և բաց նամակով դիմում են հանրապետության նախագահին ՝ հորդորելով նրան քաղաքական կամք դրսևորել և կասեցնել դրանց   իրագործումը: «Սևանը ոչ միայն մեր ազգային, այլև տարածաշրջանային և համամարդկային հարստությունն է, եւ նաև մեր ազգային անվտանգության կարևորագույն երաշխիքը, որն այսօր աղետի առջև է»,- ասում է։

Ջրային էկոհամակագերի մասնագետ Սեյրան Մինասյանի գնահատականով՝  Սևանի էկոհամակարգն  այսօր խիստ անհավասարակշիռ վիճակում է: Որոշ ցուցանիշները բարելավվել են, մյուսները, ընդհակառակը,  խիստ վատացել:  Ջրի թափանցելիությունը վտանգավոր սահմանագծին է,   ֆոսֆորի կոնցենտցրացիան  անդառնալի  նվազել է,  ազոտինը՝ բարձրացել: Ինչով որ եզակի էր Սևանն աշխարհում, այժմ այդ եզակիությունը վերացել է, ասում է մասնագետը։ «Այս անհավասարակշիռ վիճակում լճի վրա էքսպերիմենտներ անել ուղղակի չի կարելի»:

Ի դեպ՝ ազոտի քանակի բարձրացման պատճառներից մեկը նաև Սևանի ջրի աղտոտումն է, որը տեղի է ունենում թե կեղտաջրերի ներհոսքի, թե ջրածածկ բուսականության առկայության պատճառով: «Մաքրման ոչ մի կայան ռեալ չի աշխատում Սևանում»,- նկատում է Սեյրան Մինասյանը։  Ըստ մասնագետի ՝ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ այս փոփոխություններն արդեն անդառնալի հետևանքներ են բերում: «Կարպի նման կայուն ձուկը, որը շատ ավելի դիմացկուն է, քան սիգը կամ իշխանը, 30- 40 տոկոսով փոխել է ԴՆԹ-ն։ Այսինքն՝ անտրոպոգեն ձևափոփոխության է ենթարկվել»:

Այս ու բազմաթիվ այլ հիմնավորումներ բերելով՝ մասնագետները համոզված պնդում են. չի կարելի կասեցնել լճի մակարդակի բարձրացումը, հավելյալ ջրառը լճին կարող է անվերականգնելի  վնաս հասցնել: Հիմանվորումը, թե ջուրն անհրաժեշտ է ոռոգման համար, բնապահպաններին հնարավոր վտանգների համեմատությամբ առավել քան  հիմնազուրկ է թվում: Այդ անհրաժեշտությունը, դրա հետևանքներն ու ազդեցությունը ոչ թե պետական պաշտոնյաների որոշելիք խնդիրն է, այլ գիտական լուրջ  ու բազմակողմանի ուսումնասիրության, մաթեմատիկական ճշգրտությամբ  հնարավոր սցենարների հաշվարկման, ինչը, ըստ, Սեյրան Մինասյանի, այսօր չի արվում: «Այսօր ստացվում է, որ Սևանա լճի ջրերի կառավարմամբ զբաղվում է  Ջրպետկոմը։ Երբ ջուր է պետք, գալիս ասում է ոռոգման ջուր է պետք, տվեք ոռոգեմ: Սևանը կենսական բարիք և դրա ջրի նկատմամբ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունեն էդ կենսական իրավունքը, 500 տարի հետո էլ ծնվող երեխան էլ ունի այդ բնական իրավունքը Սևանի նկատմամբ, և  ոչ մեկը Ջրպետկոմին իրավունք չի տվել ցանկացած ժամանակ ցանկացած քանակի ջուր վերցնել Սևանից»։

Կառավարության հունվարի 30-ի նիստի ժամանակ, երբ նախագիծը հավանության արժանացավ, վարչապետ Տիգրան Սարգսկյանը, թերևս ակնկալելով այս արձագանքը, նշել էր, որ թեման նուրբ է և հանգամանալի ներկայացման կարիք ունի:  Մարտի 19-ին թեմայի շուրջ խորհրդարանում լսումներ են նախատեսվում։

Ցուցադրել ավելի
Back to top button