Տնտեսական

Ջրամբարների կառուցումը կթեթեւացնի Սեւանի բեռը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի հարևան Թուրքիան շարունակում է Արաքս գետի վրա ջրամբարներ կառուցել: Հայկական կողմում նույնպես, այսպես ասենք, հակադարձ քայլեր են իրականացվում՝ կրկին ջրամբարաշինական տարբեր ծրագրեր կյանքի կոչելով: «Ջրամբարաշինությունը, ցավոք սրտի ծախսատար է, մեր հարևանն այդ ծախսերին կարողանում է գնալ, մենք ևս արդեն առաջին քայլերն անում ենք»,-ասել է ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: 

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/03/Hasmik-17.mp3

Վերջին շրջանում Թուրքիայի տարբեր նահանգների պաշտոնյաներ հայտարարում են, որ Արաքս գետի վրա ջրամբարներ են կառուցել ու շարունակելու են կառուցել: Մասնավորապես, 2013-ի ամռանը Թուրքիայի Կարս նահանգի պետական ջրային գործերով վարչության ղեկավար Հայթի Չելենքը հայտարարեց, որ պատրաստվում են Թազլուջայի շրջանում (պատմական Կողբ), Արաքս գետի ջրերի հաշվին 45 մետր խորությամբ ջրամբար կառուցել:

Թուրքիան Արաքսի վրա արդեն իսկ երկու ջրամբար է շահագործում, Կարակուրդի ջրամբարն ունենալու է 1 միլիարդ խորանարդ մետր տարողունակություն: «Ի՞նչ է անում Հայաստանը՝ ջրերի նվազման հետ կապված խնդիրներ չունենալու համար»,- փորձեցինք պարզել պատկան մարմիններից: Զրուցակիցս Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն է, ով նշեց, որ Հայաստանի կառավարությունը նույնպես ձեռնամուխ է եղել ջրամբարաշինական ակտիվ ծրագրերի իրականացմանը: 

«Ջրամբարաշինական ծրագրերը մեր նաև այս տեսանկյունից ունեն, որպեսզի մենք լուծենք այդ մի մարտահրավերը նույնպես, որը մեզ սպասվում է: Հաշվարկներ, իհարկե, կան, նաիտի ունեք, ջրի ինչ կորուստ կարող ենք ունենալ: Համենայնդեպս, այն ռեզերվները, որ մենք մեր ծրագրերով փորձում ենք ստեղծել, բավարար է, որ այդ մարտահրավերը հաղթահարվի»:

Անդրանիկ Անդրեայանը խոստովանեց նաև, որ ջրամբարաշինությունը ծախսատար է, սակայն, խնդիրը գտնվում է հանրապետության նախագահի ու կառավարության ուշադրության կենտրոնում:
«Գիտեք խնդիրը որն է, մեր հանրապետության ռելիեֆը մեզ թույլ է տալիս ջուր ամբարել, ջրամբարաշինությունը, ցավոք, սրտի ծախսատար է, մեր հարևանն այդ ծախսերին կարողանում է գնալ, մենք ևս արդեն առաջին քայլերն անում ենք, սա նաև ՀՀ նախագահի ու կառավարության ուշադրության հարց է դարձել, , մեր ծրագրերում առաջնահերթ են դարձել, մեր չորս ջրամբարաշինական ծրագիր արդեն ընթացքի մեջ են: Մենք հեռանկարում մոտավորապես 70-80 ջրամբարաշինական ծրագրի հեռանկար ունենք, այս ուղղությունը կարող ենք զարգացող ուղղություն համարել, այդ ռեսուրսը կարծում եմ, որ եթե ազգովի մոբիլիզացնենք, կստեղծենք: Վստահ եմ, որ այդ մարտահրավերին էլ կդիմայակենք»:

Ջրային պետական կոմիտեի նախագահը մատնանշում էր Կապսի, Վեդիի, Եղվարդի ու Մաստարայի ջրամբարների շինարարության ծրագրերը: Իրանացվող աշխատանքների մասին մեզ որոշ մանրամասներ փոխանցեցին Կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակից: Շիրակի մարզում գտնվող Կապսի կիսակառույց ջրամբարը Ախուրյանի գետահովտում է: Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1994թվականին. իրականացվել է միայն 20 մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք:
Կապսի ջրամբարի հիդրոհանգույցի վերականգնման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) կողմից տրամադրված ֆինանսական օժանդակության միջոցներով իրականացվում են խորհրդատվական ծառայություններ` ջրամբարի և ինքնահոս համակարգի տեխնիկա-տնտեսական հիմնավորման նպատակով:

Առաջին փուլով նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող կիսակառույց պատվարը՝ հասցնելով ջրամբարի տարողությունը 25 մլն.խոր.մ ծավալի, և կառուցել ինքնահոս խողովակաշար: Նախնական հաշվարկներով կառուցվող հիդրոտեխնիկական համակարգը թույլ կտա շուրջ 5000 հեկտարի համար ընդգրկել նոր ոռոգելի տարածքներ կամ ավելացնել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը: թվով ութ պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 մլն.կվտ.ժամ էլեկտրաէներգիա: Առաջին փուլի իրականացման համար 2013թ. հոկտեմբերի 17-ին ստորագրվել է պայմանագիր: Աշխատանքներն սկսված են նախատեսված ժամկետներում, դրանք նախատեսվում է ավարտել 2014թ. հուլիսի սկզբին:

Երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողությունը հասցնել 60 մլն.խոր.մ և ինքնահոս խողովակաշարը հասցնել Թալինի տարածաշրջան, արդյունքում կապահովվի շուրջ 20,5 հազ. հեկտար հողերի հուսալի ոռոգում: Արարատի մարզում գտնվող Վեդիի ջրամբարը նախագծվել է 1991թ, Վեդիի ջրամբարի հիդրոհանգույցի կառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և զարգացման ֆրանսիական գործակալության («AFD — Agence Française de Développement») կողմից տրամադրված ֆինանսական օժանդակության միջոցներով իրականացվում են խորհրդատվական ծառայություններ: Վեդիի ջրամբարի համար «Վեդիի ջրամբարի և նրա ոռոգման տարածքների տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն և Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի պատրաստում» խորհրդատվական ծառայությունների իրականացման համար 2013թ. նոյեմբերի 25-ին ստորագրվել է պայմանագիր 18 ամիս տևողությամբ:

Կառավարությանն առընթեր Ջրային պետական կոմիտեի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյան.«Մյուս երկու ջրամբարները նույնպես ընթացքի մեջ են՝ Սելավ-Մաստարա և Եղվարդի ջրամբարներն են: Եղվարդը բավականին մեծ ջրամբար է, հենց դա կբերի Սևանի բեռը թեթևացնելուն»:
Նշեմ, որ Եղվարդի անավարտ ջրամբարը նախագծվել և սկսվել է կառուցվել 1980-ական թվականներին` 228 մլն.խոր.մ ընդհանուր ծավալով և թվով երկու պատվարներով՝ 30,5 հազ.հա հողատարածքների ոռոգման և ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար: Նախատեսված էր ջրամբարը լցնել Հրազդան գետից՝ ինքնահոս եղանակով և Սևջուր գետից՝ մեխանիկական եղանակով՝ օգտագործելով ջրհան կայանները: Սևջուր գետի ջրային պաշարների կտրուկ նվազման հետևանքով ներկայումս առաջարկվում է մշակվել ջրամբարի վերականգնման նոր տարբերակ, որի հիմնական ջրաղբյուրը կհանդիսանա Հրազդան գետը՝ գարնանային ամիսներին ապահովելով գետի հոսքը դեպի ջրամբար՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի միջոցով:

Առաջարկվող ջրամբարի տարբերակը կունենա 90,0 մլն.խ.մ ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32մ և 14մ: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ.հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս եղանակի և ներկայումս շահագործվող թվով ինը պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝ արդյունքում տարեկան խնայելով 28,6 մլն.կվտ.ժ էլեկտրաէներգիա:

Ցուցադրել ավելի
Back to top button