ԿարևորՄիջազգային

Մոսկվան նախապայմաններ է առաջադրում, Կիեւը հայտարարում է մասնակի զորահավաք

Զորակոչվում է 20 հազար մարդ
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է նախագահի պաշտոնակատարի հրամանագիրը երկրում մասնակի զորահավաք կազմակերպելու վերաբերյալ: Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիան տեղեկացրել է, որ այժմ 20 հազար մարդ զորակոչվում է Ազգային բանակ։ Զորակոչի ենթակա է Ուկրաինայի ևս  20 հազար քաղաքացի:Պաշտոնական Կիևի որոշման պատճառը Ղրիմում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումն է:

Պուտինը կհայտարարի Ղրիմը ՌԴ- ին միացնելու մասին
Ռուսաստանի նախագահը վաղը ուղերձով կդիմի Դաշնային խորհրդին: Վլադիմիր Պուտինի ելույթի թեման Ղրիմի իրավիճակն է՝ երեկ տեղի ունեցած հանրաքվեի համատեքստում: Սպասվում է, որ Պուտինը կհայտարի Ռուսաստանի կազմում Ղրիմի ինքնավարությունը ընդգրկելու վերաբերյալ: Պետական դումայի փոխխոսնակն այսօր նաև հայտնել է, որ վաղը ռուս օրենսդիրները Ղրիմի վերաբերյալ որոշում են ընդունելու:

Մոսկվան նախապայմաններ է առաջադրում
Մոսկվան մատնանշել է Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու նախապայմանները: ՌԴ արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որում Կրեմլը պատրաստակամություն է հայտնում  Եվրամիության և ԱՄՆ հետ միասին ստեղծել բազմակողմանի մեխանիզմ՝ուկրաինական խնդիրը լուծեու համար: Ռուսաստանն Արևմուտքին առաջարկում է ստեղծել Ուկրաինային աջակցության խումբ և ամրագրել երկրի չեզոք ռազմա-քաղաքական կարգավիճակը, ընդունել Ուկրաինայի նոր սահմանադրություն և դրա հիման վրա անցկացնել ընտրություններ, ինչպես նաև՝ ռուսաց լեզվին տալ Ուկրաինայի երկրորդ պետական լեզվի կարգավիճակ։

«Ինչպես բազմիցս նշել է ռուսական կողմը, Ուկրաինայում առկա իրավիճակը մենք չենք ստեղծել: Այն հետևանք է խորը ճգնաժամի, որը բերել է հասարակության բևեռացման և երկրի տարբեր շրջանների միջև թշնամանքի կտրուկ սրացման:Նշված պատճառների հաղթահարմանը պետք է ուղղված լինեն միջազգային հանրության ջանքերը»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նաև  տեղեկացնում է, որ մեկ շաբաթ առաջ ռուսական կողմի առաջարկները փոխանցվել են արևմտյան գործընկերներին:

Ղրիմի թաթարներն ակնկալում են Թուրքիայի աջակցությունը
Ղրիմի թաթարների առաջնորդներից  Մուսթաֆա Ջեմիլևը  Անկարայում այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել Է Ղրիմում ստեղծված իրավիճակը: «Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Ղրիմի թաթարների ճակատագրի նկատմամբ», — նշել է Ջեմիլևը: Նա Ղրիմի թաթարների ճակատագիրը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկելու նպատակով Անկարա էր ժամանել երեկ:  

Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը Թուրքիայի դիվանագիտության հիմնական ուղղություններից մեկն է, Իզմիրում հայտարարել է Թուրքիայի վարչապետը։ «Մեզ անհանգստացնում է տեղի ունեցածը և աճող լարվածությունը: Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Ղրիմում բախումներ չլինեն և Ղրիմի թաթարները չտուժեն: Թուրքիան նաև ակտիվ դիվանագիտական աշխատանքներ է տանում Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային և քաղաքական ամբողջականությունը պահպանելու նպատակով»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Ղրիմի հանրաքվեն չի ճանաչում նաեւ Թբիլիսին
Պաշտոնական Թբիլիսին հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները: Վրաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այն տեղի է ունեցել Մոսկվային ճնշումների ներքո և ուկրաինական օրենսդրության կոպիտ խախտումներով։

Ցուցադրել ավելի
Back to top button