Հասարակություն

Զվարթնոց տաճարի մերձակայքում ծառեր տնկվեցին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարի լրանում է իրանահայ համայնքի կրթական և մշակութային կյանքի ամենախոշոր կենտրոններից մեկի` «Արարատի» հիմնադրման 70-ամյակը: Հայաստանաբնակ 205 արարատականներն այսօր իրենց հայրենիքում ևս նշում են կազմակերպության գործունեության հոբելյանը: Հայ մշակութային Արարատ կազմակերպության դերը մեծ է հայապահպանության, ազգային դաստիարակության, կրթության և տարբեր բնագավառներում սերունդներ կրթելու և դաստիարակելու հարցում, ասել են կենտրոնի անդամները: ՀՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից է հայ երիտասարդների մեջ սեր և հետաքրքրություն արթնացնելը: Այսօր Քվարթնոց պատմամշակութային թանգարան- արգելոցի տարաշքում նրանց նախաձեռնությամբ տնկվել են պտղատու և մշտադալար ծառեր, որին մասնակցել է նաև հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մեր երկրի անկախացումից ի վեր մայրաքաղաքի (և ոչ միայն) կանաչ տարածքների վերականգնումը դարձել է գերխնդիր: Վերջին տարիներին յուրաքանչյուր գարնանամուտ ավանդաբար նշանավորվում է ծառատունկով: Այս անգամ էլ նախաձեռնողը իրանահայ համայնքի կրթական և մշակութային կյանքի ամենախոշոր կենտրոններից «Արարատ»-ն է, տարածքներն էլ Զվարթնոց տաճարի մերձակայքն էր:

«Զվարթնոց» պատմամշակութային թանգարան-արգելոցի հարակից անբարեկարգ տարածքում շուրջ 210 պտղատու և 70 մշտադալար տնկիներ հողին պահ տվեցին «Արարատ» կազմակերպության անդամները, Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին և Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հանրապետությունում բազմահազար ծառեր են տնկվել տարբեր կազմակերպությունների կողմից , սակայն ոռոգման համակարգի բացակայության պատճառով, ոչ բոլոր տնկիներն են ճյուղավորվել:

Հայ մշակութային Արարատ կազմակերպության դերը մեծ է հայապահպանության, ազգային դաստիարակության մեջ: Հազարավոր երիտասարդներ են անցել «Արարատ» միության ճանապարհով և նրանց հայրենասիրությունը հենց այս կենտրոնի արդյունքն է, նշեց Հրանուշ Հակոբյանը:

Արարատ ակումբ 10 տարեկանից հաճախել է նաև հայազգի երգահան, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը, ում հուշերում հայրենիքն ու Արարատն աննկարագրելի են:

«Արարատի» գործունեությունը կարևորեց նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռայիսին, ում խոսքով, նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու երկու ժողովուրդների ավանդույթներին ու մշակույթին: Իսկ ծառատունկն էլ կարևոր է հատկապես բնապահպանական խնդիրները լուծելու հարցում:

«Նմանօրինակ միջոցառումները հնարավորություն են տալիս միմյանց մշակույթներն ու ավանդույթներն ավելի լավ ճանաչել: Արարատը հին անուն է, այն համարվում է սրբավայր, քանի որ այնտեղ է իջևանել Նոյի տապանը: Հայերն ու իրանցիները կրոնական կենտրոնների հանդեպ մեծ հարգանք ունեն, իսկ ծառատունկը բոլոր կրոններում վեհ գործ է համարվում»:

Միջոցառումների շրջանակներում սեպտեմբերին տեղի կունենա ավտոարշավ, որի ճանապարհը կսկսվի Թեհրանի ՀՄԱԿ-ից, կձգվի Սյունիքով մինչև Շուշի, ապա Երևան: Ավտոարշավի մասնակիցները ճանապարհին կանգ կառնեն մի շարք գյուղերում, որտեղ փոքրիկներին կնվիրեն գրենական պիտույքներ և մարզական իրեր, նաև կայցելեն մշակութային տեսարժան վայրեր:

Ցուցադրել ավելի
Back to top button