Քաղաքական

Ո՞վ կլինի 5-րդը. ԱԺ ճեպազրույցներ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական բոլոր ուժերն այսօր անդրադարձել են ոչ իշխանական 4 ուժերի կոնսուլտացիաներին եւ սպասվող համագործակցությանը: 4 ուժերի անունից «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը իշխանությանն այսօր հրավիրեց դառնալ 5-րդը: Դրան ի պատասխան Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ բոլորը Հանրապետականին են ուզում միանալ: Ակնարկելով այն, որ ԲՀԿ-ն խորհրդարանում այդպես էլ պաշտոնապես չհայտարարեց, որ ընդդիմություն է` իրեն որակելով այլընտրանք, խորհուրդ տվեց նաեւ կողմնորոշվել. այլընտրանքն է դառնում ընդդիմություն, թե ընդդիմությունը` այլընտրանք: Ըստ Գալուստ Սահակյանի` ամեն ինչ ի վերջո պաշտոնի համար է արվում:

«Մի օրում, մեկ ժամում, միանգամից». այս սկզբունքով փոփոխությունների կողմնակիցները ոչ իշխանական 4 ուժերի մեջ պետք է զիջումների գնան: Համագործակցության այս ձեւաչափում մեծամասնությունը փուլային փոփոխությունների կողմնակից են: Այս պահին քննարկում են կոնստրուկտիվ քայլերի օրակարգը, այլ կերպ ասած`երկրում փոփոխություններ իրականացնելու «ճանապարհային քարտեզը», իսկ շատ շուտով պարզ կդառնա, թե ԱԺ-ի որ քառորյայում են բարձրացնելու Կառավարության հրաժարականի պահանջը: Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իշխանությանն այսօր առաջարկեց միանալ ստեղծվող ձեւաչափին եւ դառնալ հինգերորդը:

Առաջարկը, մեղմ ասած, անընդունելի թվաց կոալիցիոն գործընկերներ օրինացերկրական Մհեր Շահգելդյանի եւ հանրապետական Գալուստ Սահակյանի համար:
Դաշնակղցությունից Աղվան Վարդանյանի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ քառյակը հնգյկակ դարձնելու գաղափարը ծնվել է միայն Ռուբեն Հակոբյանի մոտ:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում քաղաքական դաշտում Գալուստ Սահակյանի համար մի բան է նշանակում` պայքար պաշտոնի համար:

ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն այսօր հիշեցրեց, որ բազմիցս հայտարարել են. եթե նույնիսկ Կառավարությունը հրաժարական տա եւ ձեւավորվի նորը, ՀԱԿ-ը չի ներգրավվի այդ կառավարության մեջ: Իսկ թե ինչ ակնկալիքով են փորձելու հանրապետական մեծամասնություն ունեցող ԱԺ-ում անցկացնել կառավարության հրաժարականի հարցը, այն դեպքում, երբ 4 ուժերի պատգամավորների թիվը միեւնույնն է չի անցնում հանրապետականների թվին, ապա Արամ Մանուկյանը դա խոչընդոտ չի համարում:

Բարգավաճ Հայաստանից պատգամավոր Ստեփան Մարգարյանը նույնպես այսօր պնդեց, որ ԲՀԿ-ն կառավարություն ղեկավարելու ցանկություն չունի, իսկ խորհրդարանական մեծամասնության հետ` կառավարության հրաժարականի առումով, աշխատում են:

Հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ն խորհրդարանում այդպես էլ կանոնակարգի համաձայն պաշտոնապես չհայտարարեց որ ընդդիմություն է` իրեն որակելով այլընտրանք, Գալուստ Սահակյանն այսօր չորս ուժերին խորհուրդ տվեց կողմնորոշվել` այլընտրանքն է դառնում ընդդիմություն, թե ընդդիմությունը` այլընտրանք:

Ցուցադրել ավելի
Back to top button