ԿարևորՀասարակություն

Բժշկական պարագաների արտադրության նոր գործարան` Երեւանում

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Մեգա Մեդ» ընկերության՝ մեկանգամյա օգտագործման բժշկակակ պարագաների արտադրության գործարանի բացման արարողությանը: «Մեգա Մեդ» ընկերության միակ բաժնետերն է ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը: Բացման հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ առողջապահության, էկոնոմիկայի, պաշտպանության նախարարները, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան բազմաթիվ հյուրեր:

Հանրապետության նախագահի մասնակցությամբ Երևանում այսօր բացվեց մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրության «Մեգա Մեդ» գործարանը, որի միակ բաժնետերը ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբն է: Բաժնետիրոջ կողմից մինչ օրս իրականացված ներդրումների ծավալը կազմում է 42 միլիոն ԱՄՆ դոլար: Գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանի տեղեկացմամբ ընկերությունը կգործարկվի երեք փուլով: Առաջին փուլում գործարանում կարտադրվեն բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներ, ինչպես նաև արյան հավաքման վակուումային և կաթիլային համակարգեր. «Մեր ամբողջ արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Այն նաև արտահանվելու է արտերկիր»:

Նորաբաց գործարանն այս պահին ապահովում է ավելի քան 100 աշխատատեղ, չնայած, ինչպես նշում է տնօրենը, համապատասխան մասնագետներ գտնելն այնքան էլ հեշտ գործ չէ: Միջին աշխատավարձը 150 հազար դրամ է: Մինչ սույն թվականի մայիսի վերջը նախատեսվում է բարձրացնել արտադրական հզորությունները՝ աշխատողների թիվը հասցնելով մինչև 400-ի: Գործարանի շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ մեկ միլիարդ 200 հազար դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի: Ձեռնարկության բացման արարողության շրջանակներում հենց այսօր համագործակցության հուշագրեր ստորագրվեցին արտասահմանյան մի շարք խոշոր կազմակերպությունների հետ: Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Մեգա Մեդ» ընկերությանը տրվել է արտոնություն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի հետաձգում երեք տարի ժամկետով:

Ինչպես արդեն նշվեց «Մեգա Մեդ» գործարանի միակ բաժնետերը ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբն է, որը ներառում է մեքենաշինության, շինարարական, նախագծային և այլ ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ: 2013-ի տվյալներով միավորման շրջանառությունը կազմել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար: «Աֆինա Պալլադա» ընկերության նախագահը մեր հայրենակից Հայկ Մաղաքելյանն է: «Ընկերության Հայաստանի հետ կապված ծրագրեը «Մեգա Մեդ» գործարանի բացմամբ չեն սահմանափակվի, չնայած սա ցանկի, թերևս, խոշորագույն ծրագիրն է»,-ասում է Համլետ Ղուշչյանը, ով Մոսկվայում գործող ռուսական առաջին հայալեզու «Արմ TV» հեռուստաընկերության գլխավոր տնօրենն է: Հեռուստաընկերություն, որը ևս ներկայացնում է «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը:

Հավելենք, որ «Աֆինա Պալլադա» ընկերությունը նաև «Հայակ 2014» ազգային կինոմրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է:

Ցուցադրել ավելի
Back to top button