Հասարակություն

Oրենսդիրը քննարկում է տրանսպորտային քաղաքականությունը վերանայելու՝ գործադիրի առաջարկը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարությունը որոշել է, որ արդեն եկել է հանրային տրանսպորտի ապակոմերցիալիզացման պահը: Այսինքն` այս ոլորտին փորձում են վերադարձել հանրային իրավասությություն: Այդ նպատակով փոփոխություններ ու լրացումներ է առաջարկվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Թե որքան կտեւի մասնավորից հանրայինի այդ անցումը կառավարության ներկայացուցիչը դժվարացավ հստակեցնել: Նույնիսկ նշեց մինչեւ 10 տարի ժամկետը: Հետաքրքիրն այն է, որ օրինագծի ձեւակումների հիմքում արդեն դրված է ուղեւորափոխադրման սակագնի միայն թանկացման տրամաբանությունը:

«Երթուղայինի գծատերեր» հասկացությունը հնարավոր է մոտ ապագայում վերանա: Օրենսդիր մարմինը քննարկում է գործադիրի առաջարկը` կարգավորել Երեւանի քաղաքային տրանսպորտի վիճակը: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները նախատեսում են Երեւանի համար սահմանել մեկ օպերատորի հասկացությունը, այսինքն` ամբողջ տրանսպորտը մասնավորի ձեռքից տեղափոխվի մեկ` պետության կողմից լիազորված օպերատորի: Արդյոք սա նշանակում է, որ տրանսպորտը դառնալու է պետական:

Քննարկումների զգալի մասը տրանսպորտի սակագների ձեւավորման կարգի մասին էր: Նախագծով ենթադրվում է կարգավորման իրավունքը տալ ավագանուն: Բայց նախագծի ձեւակումների հիմքում արդեն դրված է ուղեւորափոխադրման սակագնի միայն թանկացման տրամաբանությունը, ուշադրություն դարձրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինիս քաղաքականացված ձեւակերպումներով Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը չցանկացավ պատասխանել: Խորհրդարանի ամբիոնից համաձայնեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում նախագծում կարելի է այս վիճահարույց ձեւակերպումը փոխել, բայց հետո լրագրողների հետ զրույցում նա կրկին խոսեց տրանսպորտի սակագնի միայն թանկացման հեռանկարի մասին:

Հանրային տրանսպորտի սպասարկումը մեկ օպերատորին փոխանցելու որոշման մեջ հիմնական դեր պետք է խաղա հենց տրանսպորտի սակագինը: Սա պետք է ամրագրվի նաեւ օրենքում, կարծում է ԱԺ-ի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ինչ վերաբերում է Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու դեպքում ակնկալվող էժանացմանը` կապված 30 տոկոս մաքսատուրքերի հանման հետ, ապա Կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրենի համար դա նորություն էր:

Երեւանի հասարակական տրանսպորտի կարգավորման գործընթացի համար նախագծով որեւէ ժամկետ նշած չէ: Նույնիսկ զրույցներում Կառավարության ներկայացուցիչը որեւէ հստակություն չի մտցնում: Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումից հետո ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեսնելով, որ կան բազմաթիվ վիճահարույց ձեւակերպումներ, դիմեց Վարդան Այվազյանին` տնտեսական հարցերի հանձնաժողովում առանձին քննարկում կազմակերպելու առաջարկով:
Ի դեպ` քննարկման ընթացքում նշվեց, որ բացառապես Երեւանին վերաբերող այս նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հնարավոր է քննարկվի նաեւ միջքաղաքային ուղեւորափոխադրման հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button