ԿարևորՏնտեսական

«Սուրճ եփենք Վրաստանում». Ի՞նչ է պարզել հայկական ու վրացական գազի համեմատության ուսումնասիրությունը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Գազի կալորիականության հիմնախնդրի շուրջ քննարկումները վերջերս հասան և Ազգային Ժողով: Արդյո՞ք կապույտ վառելիքի ջերմատվությունը պակասել է: Այս հարցի պատասխանը գտնելու համար «Ներազգային Ազատագրական Շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը օրերս ձեռնարկել է մի փորձ «Սուրճ եփենք Վրաստանում» անվան տակ: Հայ-վրացական գազային համեմատական ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են այսօր կայացած մամլո ասուլիսում:

Իրականում ոչ մի սուրճ չի եփվել Վրաստանում: Գնելով երկու շիշ ջուր, օդի և ջրի ջերմաչափեր, շարժական գազօջախ և ռետինե խողովակ. «Ներազգային Ազատագրական Շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը մարտի 8-ին մեկնում է Վրաստանի հարավում գտնվող Տետրի-Ցկարո քաղաքը: Այցի նպատակը՝ գազօջախի վրա ջուր եփելն էր: Դրա համար ծախսվեց 3 րոպե 49 վայրկյան, 17 հազարերդոկան խորանարդ գազ: Հաջորդ օրը նույն փորձը կրկնվեց Երևանում, գրեթե նույն բնակլիմայական պայմաններում: Այստեղ նույն քանակությամբ և ջերմաստիճանի ջուրը եփեց 5 րոպե 53 վայրկյանում, 25 հազարերդոկան խորանարդ գազի ջերմության հաշվին: Այս փորձը նկարահանվել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, և տեղադրվել է համացանցում: Ստացված արդյունքները անսպասելի էին և Վահան Մարտիրոսյանի համար:

Համեմատությունը վկայեց, որ Վրաստանում սպառվող գազին մեր երկրում սպառվող կապույտ վառելիքը զիջում է իր ջեմատվությունով, թեպետ պաշտոնական տվյալներով մեզ մոտ գազի կալորիականությունը կազմում է 8200 միավոր, վրացական կողմում՝ մինչև 8100 միավոր:

Ըստ Մարտիրոսյանի, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր մատակարարված ցածրորակ գազի դիմաց պարտավոր է բաժանորդներին հատուցել 68 մլն դոլար գումարի չափով ավարտվող ջեռուցման շրջանի հաշվարկով: Ավելին` «Ներազգային Ազատագրական Շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրը կոչ արեց բաժանորդներին չվճարել փետրվարին սպառած գազի դիմաց և այդպիսով սնանկացնել ընկերությանը:

Գազի ցածրորակության պատճառ կարող են լինել հորերի տարբերությունը՝ Հայաստանը սպառում է ռուսական գազ, Վրաստանը՝ նաև ղազախական և ադրբեջանական: Մարտիրոսյանը չբացառեց, որ Հայաստան ներկրվող գազին արտադրական հիմունքներով խառնվում է ազոտ, ինչը ցածրացնում է ջերմատվությունը և ավելացնում է գազի ծախսը:

Ցուցադրել ավելի
Back to top button