Հասարակություն

Մի քանի ամսից կավարտվի Արտենի-Արագածավան-Գետափ ճանապարհների վերակառուցումը

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Նախորդ տարում մեկնարկեց ճանապարհաշինական նոր գործընթաց, որը ներառեց նաև Երևան-Արմավիր-Իսահակյան-Գյումրի համրապետական նշանակության ճանապարհի Արագածոտնի մարզի Արտենի-Արագածավան-Գետափ հատվածը, որը գրեթե ամբողջությամբ պատված էր տարբեր տրամաչափի փոսերով և անհարմարությաւններ է ստեղծել տեղաշարժման համար: Քարակերտից-Արտենի ճանապահի  վերակառուցման որակն առայժմ  բավարար է, իսկ Արագածավանում` ոչ: Նորակառույց ճանապարհը  քանդվել է  դեռ  ձմռան նախաշեմին շինարարական  աշխատանքների դադարումից հետո:  

Պետք է հմուտ վարորդ լինել, որպեսզի հնարավոր լինի  հատել  Արագածոտնի մարզի Արտենի համայնքով անցնող  հանրապետական նշանակության Արմավիր-Իսահակյան-Գյումրի ճանապարհահատվածը: Տարիներ շարունակ այն դարձել է բազմաթիվ մեքենաների անսարքության և ավտոճանապարհային պատահարների պատճառ: Արտենի համայնքի բնակիչները խնդիրը  բազմիցս բարձրաձայնել են, որին  արձագանքեցին  2013թ վերջին:  Նախորդ տարվա աշնանը Արտենի-Թալին-Քարակերտ ճանապարի խաչվող հատվածից սկսվեց ճանապարհի  հիմնանորոգման աշխատանքը: Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում գյուղում առկա  մի քանի  հիմնախնդիրներին  մասամբ  լուծում է տրվել: Ճանապարհը վերակառուցվում է Համաշխարհային բանկի <<Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման>> ծրագրի շրջանակներում: Քարակերտից մինչև Արտենի 7կմ-ոց ճանապարհահատվածից  5կմ-ը կառուցվել էր  աշնանը:

Ճանապարհաշինությունը վերսկսվել է փետրվարի վերջին  և այժմ էլ ընթացքի մեջ է: Դատելով երկարատև աշխատանքից Արտենիի  հիմնանորոգվող ճանապարհն առայժմ ունի որոշակի ամրություն  և տեսանելի թերություն չկա,  ի տարբերություն հարակից Արագածավան  համայնքով անցնող նորակառույց  ճանապարհի: Արագածավանցիները փաստում են, որ կառուցումից  անմիջապես հետո այն սկսել է մաս-մաս քանդվել, ճանապարհը չի գոյատևել մինչև ձմեռ:

Հանրապետական նշանակության Արտենի-Արագածավան-Գետափ շուրջ 23.3 կմ  ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է ճանապարհաշինական 4 ձեռնարկություն, որից Արագածավանինը պատկանում է   ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանին: Հսկայական ներդրումներ պահանջող գործընթացը վերահսկումից թերևս դուրս է մնացել և աշխատանքներն անորակ են արվել:

Ճանապարհաշինության ոլորտում  Արտենի համայնքի բնակիչների համար կարևոր նշանակություն ունի նաև Արտենի-Արեգ-Թալին ճանապարհի հիմնանորոգումը, որը հիմնական հաղորդակցման միջոցն է նախկին շրջկենտրոնի հետ:  Արտենին Թալինին կապող  հաջորդ ուղին  Դաշտադեմ գյուղով անցնող ճանապարհն է, որը նույնպես հիմնանորոգման է սպասում: Արտենի-Թալին ճանապարհի վերանորոգման խնդրի լուծումը խոստացել է  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը

Իսկ մինչ այդ ներկայում շարունակվում է  համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման» ծրագրով  Արտենի-Արագածավան-Գետափ  23.3 կմ  ճանապարհների վերակառուցումը, որը նախատեվում է ավարտել մի քանի ամսից:

Ցուցադրել ավելի
Back to top button