ԿարևորՏնտեսական

Արտեմ Ասատրյան.«Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրի ապագայի համար են»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Պարտադիր կուտակային համակարգի վճարումները կատարվում են և ունենք գործատուներ, որոնք դեռ գտնվում են սպասողական վիճակում` կապված Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հետ»: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով հարցին, թե որն է կուտակային վճարումների թերի կատարման պատճառը:

Նշենք, որ այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 674 մլն դրամ, մինչդեռ միջին ամսական գումարը պետք է կազմեր 1.7 մլրդ դրամ:

«1.7 մլրդ դրամը կանխատեսումն է եղել, բյուջեի պլանավորումն է եղել: Ես շատ ու քչի գնահատական չեմ կարող տալ: Կարծում եմ, որ գործընթացը բավականին ակտիվ է: Եթե ընտրություն կատարողների թիվն ենք նայում, ակնհայտ է, որ շուրջ մեկ տասնյակ հազար մարդ արդեն ընտրություն է կատարել»,- պարզաբանել է նախարարը:

Մինչդեռ, նրա փոխանցմամբ, վարձու աշխատողների թիվը հանրապետությունում կազմում է մոտ 600 հազար:Լրագրողների հարցին, թե 600 հազար աշխատողի դեպքում արդյոք պետբյուջե փոխանցված 674 մլն-ը քիչ չէ, սոցապ նախարարը մեկ անգամ նշեց, որ հիմա տեղին չէ գնահատականներ տալը, վերլուծություններ կանեն, որից հետո իրավիճակի վերաբերյալ ավելի հստակ գնահատականներ կտան:

«Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրի ապագայի, զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող բարեփոխումներ են և չի կարելի այդ ամբողջը պրիմիտիվացնել»,- նշել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Դիտարկմանը, թե հասարակությանը 80 տոկոսն այդպես չի կարծում, Ասատրյանն ասել է, որ ըստ իրեն` հասարակությունը խնդիր ունի ավելի մանրամասն տեղյակ լինելու համակարգի գործունեության, մեխանիզմների, հիմքերի և նաև բարեփոխումների տրամաբանությանը:

«Այդ դեպքում հասարակության գերակշռող մեծամասնությունը կողմը է լինելու համակարգին: Ես կարծում եմ` հիմնական խնդիրը մանրամասն տեղյակ չլինելն է»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ հասարակությանը տեղեկացնելու գործում իրենց պետք է աջակցեն նաև ԶՄԼ-ները. «Մենք պետք է համագործակցենք, որի շրջանակում է միայն հնարավոր ունենալ լավագույն արդյունք»: «Կոչ եմ անում այդ ուղղությամբ ավելի առարկայական աշխատանք տանել, ավելի ճշգրիտ տեղեկատվություն տալ մեր քաղաքացիներին, քանի որ այսօր ուղղակի հնչում են բառեր, արտահայտություններ, մարդիկ խոսում են երևույթների մասին առանց խորամուղ լինելու` վերցնելով միայն դրա արտաքին մասը և բառերի մանիպուլյացիաներ են անում, որն ուղղակի անթույլատրելի է, և մեր քաղաքացիներին գցում են թյուրիմացության մեջ»,- հավելել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button